Երբ Ջորջ Յակուբյանն ու նրա կինը` Էրիկան 2005թ-ին սկսեցին Հայաստանում երեխայի որդեգրման գործընթացը, գիտեին, որ իրենց եւ իրենց երեխայի կյանքն ընդմիշտ կփոխվի: Սակայն նրանք չգիտեին, որ սկսելու են մի ճանապարհորդություն, որը կազդի շատ երեխաների ճակատագրի վրա, գրում է «Armenian Mirror-Spectator»-ը:
Հայաստանում նրանք եղել են մի քանի մանկատներում եւ ծանոթացել պայմաններին: Հենց այստեղ են նրանք հանդիպել իրենց դստերը` Լիլիանային, որին տուն են տարել 2006 թ-ին, սակայն Հայաստանի հետ կապը շարունակվել է:
Յակուբյանի նախաձեռնությամբ 2006թ-ին ստեղծվել է Հայ որբերի օգնության ընկերություն (SOAR): Ներկայումս կազմակերպությունը 32 բաժին ունի ողջ աշխարհում եւ շարունակում է աճել: Նրա առաքելությունը Հայաստանում բնակավող ծնողազուրկ երեխաներին մարդասիրական օգնության տրամադրումն է:
Ընկերությունը օգնություն է ցուցաբերում 27 կազմակերպությունների, այդ թվում` մանկատների, ամառային ճամբարների ոչ միայն Հայաստնում, այլեւ Ղարաբաղում, Վրաստանում, Սիրիայում եւ Լիբանանում: Կազմակերպությունն աջակցում է նաեւ մանկատան` 18 տարին լրացած սաներին:




























