Ապրիլի 5-ին, ժամը 22.54-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Սիսակյան փողոցի թիվ 3 շենքի 3-րդ հարկի արտաքին պատը վնասվել է: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Դեպքի վայր ժամանած համատիրության նախագահը հաղորդեց, որ տեղի է ունեցել շենքի 3-րդ հարկի պատի մասնակի փլուզում: Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ԱԻ ԱԽ-ն, մեկ մարտական հաշվարկ:
Դեպքի մասին տեղյակ են պահվել ՀՀ ԱԻՆ ՓԾ բնակչության պաշտպանության եւ աղետների հետեւանքների վերացման կազմակերպման վարչության պետը, Երեւանի քաղաքապետարանի շինարարության եւ բարեկարգման վարչության պետը եւ տեղակալը, Աջափնյակ վարչական շրջանի կոմունալ բաժնի պետը:
Պարզվել է, որ տեղի է ունեցել չորրորդ կարգի վթարայնության աստիճան ունեցող շենքի 3-րդ հարկի կողային հատվածի երեսպատման արտաքին քարերի փլուզում (մոտ 2մx3մ), 2-4 հարկերի հատվածում առկա են երեսպատման քարերի փլուզման սպառնալիք:
Հրշեջ-փրկարարները ժապավենով սահմանազատել են վտանգավոր տարածքը եւ շենքի արտաքին պատից հեռացրել վտանգ ներկայացնող քարերը:Տվյալ մուտքի բնակիչներին առաջարկվել է գիշերել այլ կացարանում:




























