Երեւանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը ընդունել է Թուրքիայի Դիարբեքիր քրդաբնակ քաղաքի փոխքաղաքապետ Հեֆիզա Իփեքի գլխավորած պատվիրակությանը: Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով հյուրերին, Կամո Արեյանը նշել է, որ Երեւանում ազգային փոքրամասնությունների, այդ թվում նաեւ քրդական համայնքի, համար ստեղծված են բնականոն կենսագործունեության անհրաժեշտ պայմաններ, եւ նրանք բոլորն էլ պարբերաբար հանդես է գալիս մշակութային եւ այլ նախաձեռնություններով:
«Երեւանը տարբեր մակարդակներում բազմաթիվ կապեր ունի աշխարհի մի շարք պետությունների քաղաքների հետ: Մենք ուրախ ենք Երեւանում Ձեզ հյուրընկալելու համար եւ կարծում եմ, որ մշակութային երկխոսությունը կարող է նաեւ այլ ոլորտներում համագործակցելու լավ ազդակ հանդիսանալ» ,- նշել է Կամո Արեյանը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, Դիարբեքիրի քաղաքապետի տեղակալ Հեֆիզա Իպեկն էլ իր հերթին նշել է, որ Դիարբեքիրում մեծամասնություն կազմող քրդական համայնքը տեղի հայերի հետ մշտապես բարիդրացիական հարաբերություններ է պահպանում՝ ընդգծելով, որ հայերը շատ ակտիվ դերակատարում ունեն Դիարբեքիրի քաղաքական եւ տնտեսական կյանքում: Նա նաեւ հավելել է, որ վերջերս էլ վերաբացվել է Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին:
«Մենք հայերին միշտ էլ վերաբերել ենք որպես բարեկամ ժողովրդի եւ վստահ ենք, որ մեր շփումները կարող են լավ հեռանկար ունենալ»,-նշել է Հեֆիզա Իփեքը:




























