Գյումրիի բնակչուհի Աննա Գաբոյանը դիմել էր Գյումրիի «Վ. Աբաջյանի անվան ընտանեկան բժշկության կենտրոն» ՓԲԸ-ի բուժքույրերից մեկին` հակադիաբետիկ դեղորայք ստանալու համար, սակայն նրան մերժել էին` ասելով, թե դեղորայք չկա: Մեր տեղեկություններով` դրանից հետո վերջինիս ազգականը զանգահարել է Առողջապահության նախարարություն եւ հայտնել, որ իր բարեկամին ինսուլին չեն տրամադրում` պատճառաբանելով, որ դեղորայք չկա:  Սակայն, ահազանգի հիման վրա կատարված ուսումնասիրությունից պարզվել է, որ «Վ. Աբաջյանի անվան ընտանեկան բժշկության կենտրոն» ՓԲԸ-ում առկա են հակադիաբետիկ դեղամիջոցներ:

Առողջապահության նախարարությունից հաստատեցին մեր ունեցած տեղեկությունները եւ հայտնեցին, որ հարցը քննարկվել է Շիրակի մարզպետարանում, որոշվել է բնակչուհուն սխալ տեղեկատվություն տրամադրած բուժքրոջը ենթարկել կարպապահական տույժի, իսկ կրկնման դեպքում քննարկել աշխատանքից հեռացման հարցը: Ըստ այդմ` բուժաշխատողին հայտարարվել է խիստ նկատողություն: