Ինչպես հայտնի է, երեկ Վահրամաբերդ գյուղի արոտավայրում, որը, ըստ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ դեռեւս 1997 թվականին ստորագրված պայմանագրի, հատկացված է ռուսական զորքերի տանկային հրաձգարանին, տեղում անփութորեն շպրտված պայթուցիկ զինամթերքից զոհվել էին գյուղի երկու երեխաները` 10-ամյա Արթուր Մկրտչյանն ու 15-ամյա Մուշեղ Գեւորգյանը: Այդ մասին գրում է «Առավոտ» թերթը։

Վահրամաբերդի գյուղապետ Աղվան Մարտիրոսյանը Aravot.am ի հետ զրույցում ասաց, որ 2 ընտանիքներն էլ, բառի իսկական իմաստով, չքավոր են, այժմ երեխաներին թաղելու գումար անգամ չունեն. Արթուր Մկրտչյանի հայրը հովիվ է աշխատում, ընտանիքը բազմազավակ է, պետք է ծնվեր 9-րդ երեխան, իսկ Մուշեղ Գեւորգյանի հայրը խոպան է գնացել, նրանք էլ 5 երեխա են: Այժմ գյուղապետը, ընկած դռնեդուռ, գումար է խնդրում երեխաների հուղարկավորությունը կազմակերպելու համար: Գյուղապետարանը 100 հազար դրամ է տրամադրել այս նպատակի համար, 100-հազարական էլ տրամադրել է տեղից ընտրված պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը:

Ըստ գյուղապետի, մարզպետարանը եւս որոշել է գումար հատկացնել, սակայն հայտնի չէ գումարի չափը: Գյուղապետն ակնկալում է, որ մեր հրապարակումը ընթերցելուց հետո գոնե բարերարներ գտնվեն, որոնք կօգնեն անչափահասների դիակը հողին հանձնելու: Ըստ Աղվան Մարտիրոսյանի, դեռեւս սովետական տարիներից իրենց գյուղին պատկանող Հովունի-Մարմաշենի միջեւ ընկած վարչական տարածքը տրամադրվել է ռուսական կողմին` զորավարժանքներ անցկացնելու: Ըստ գյուղապետի,Վահրամաբերդում կյանքը ամենեւին էլ անվտանգ չէ, քանի որ այդ տարածքը կպած է գյուղին:

«Մենք արդեն սովոր ենք, 57 թվականից զորավարժանքներ են անցկացնում, բայց որպեսզի վահրամաբերդցիները ելումուտ անեն, զորավարժանքների ժամանակ միշտ զինվորներ են կանգնեցնում մուտքի մոտ: Սակայն կիրակի էր, ազատ օր, այդ օրը հսկողություն չկա ու խնդրեմ՝ այս դժբախտությունը: Ֆինանսապես էլ էնքան ծանր, սարսափելի ծանր վիճակում են, շատ շնորհակալ կլինենք, եթե բարերարներ գտնվեն, օգնեն մեզ երեխաներին հուղարկավորելու»»,- մեջբերում է «Առավոտը»: