«Ցեղասպանություն» բառը տարբեր բովանդակություն ունի եւ տարբեր ասոցիացիաներ է առաջացնում: Ոմանց համար «ցեղասպանություն» բառը մարդկության դեմ կատարված հանցագործության  իրավական բնորշում է, մյուսների համար արտահայտում է մարդկային տառապանքներ, ապրումներ, կոտորած եւ տեղահանում:NEWS.am-ի թղթակիցի հետ զրույցում 89-ամյա Արուսյակ տատը պատմեց իր ծնողների մասին, ովքեր մի կերպ են փրկվել կոտորածից:

«Պապս` Հարություն Աղաջանյանը, Վանի շրջանի Բելոի գյուղի կառավարիչն էր: Հայրս` 1896 թ. ծնված Ղազար Աղաջանյանը 1916 - 17 թթ-ին միացել էր Անդրանիկ Զորավարի զինվորներին»,- պատմությունն սկսեց Արուսյակ տատը: Նրա խոսքով` վերադառնալով,  նրա հայրը չի գտել ոչ հարազատներին, ոչ մերձավորներին, ոչ էլ իրենց տունը: «1917 թ-ին ողջ ընտանիքը փակել է Ցեղասպանությունից եւ հավաքվել Սբ Էջմիածնի մուտքի մոտ: Ժողովուրդը տանջվել է եւ մահացել սովից ու համաճարակներից»,-հիշում է տատը ծնողների խոսքերը:  Գաղթի ճանապարհին, ընտանիքի մի շարք անդամներ` հորաքույրներ ու հորեղբայրներ Մասրգարիտա, Սեդրակ, Միսաք, Հաբեթնակ, Վարդան, Վահան, Մամիկոն Աղաջանյանները  կորել են գաղթի ճանպարհին եւ մինչ օրս որեւէ տեղեկություն չի ստացվել նրանց մասին: «Տատին եւ պապին սպանված են գտել Հոկտեմբերյանի դաշտերում, իսկ մնացածների մասին ոչինչ հայտնի չէ, թեեւ մինչ այսօր հույսով սպասում ենք»,-նշում է  Արուսյակ Աղաջանյանը:

Նա դողացող ձայնով փոխանցեց մոր` Արաքսյա Աղաջանյանի պատմությունը, ըստ որի ճանապարհին տեսել են  մահացող եւ մահացած մարդականց, երեխաների:Նա հիշում է, որ ամեն անգամ,  երբ խոսվում էր ցեղասպանության մասին, հայրը սկսում էր լաց լինել եւ ոչինչ չէր կարողանում ասել: «Նա երբեք չի խոսել դաժան կոտորածի եւ իր ժողովրդի տառապանքների մասին, սարսափելի իրադարձություների մասին ավելի շատ մայրս է խոսել:  Սակայն հայրը հույսով սպասել է իր  կորած հարազատների մասին լուրերի»,-ասում է  Արուսյակ տատը:Հարցին, թե այդ ամենից հետո ինչպես է վերաբերվում թուրք ժողովրդին, Արուսյակ Աղաջանյանն ընդգծեց, որ թուրքերը դավաճանություն են կատարել, բայց պետք է նրանց հետ հաշտվել: «Թշնամությունն  ու ատելությունը հավերժ չեն կարող լինել: Մենք պետք է պահանջենք, որ Թուրքիան անպայաման ընդունի իր կատարած ոճրագործությունը»,-խստորեն ասաց նա:Արուսյակ տատը ունի 4 զավակ` երկու դուստր, երկու որդի եւ հինգ թոռ: Չնայած սարսափելի ապրումներին եւ հարազատների կորստին, նա հավատում է, որ մի գեղեցիկ օր թուրք ժողովուրդը կզղջա եւ  ներողություն կխնդրի հայ ժողովրդից ` վերադարձնելով հայկական հողերը նրա իրական տերերին:

Տաթեւիկ Ղազարյան