NEWS.am-ի թղթակիցը ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանից այսօր` մայիսի 28-ին Սարդարապատ հուշահամալիրում կայացած միջոցառման ժամանակ, հետաքրքրվեց Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանի եւ փոխոստիկանապետ Սաշիկ Աֆյանի ճակատագրերով:

Մեր հարցին, թե հնարավոր է Ներսես Նազարյանին տեսնենք ոստիկանությունում մեկ այլ պաշտոնի, նա պատասխանեց. «Չե՞ք հոգնել Ներսես Նազարյանից: Դուք չե՞ք հոգնել, թողեք այդ տղային հանգիստ, 10 տարի աշխատել է, թողեք մի քիչ հանգստանա»:

Դիտարկմանը, թե գոնե ձեր ստորագրելիք հրամանների մասով կարող եք ասել` նոր աշխատանքի կանցնի նախկին ոստիկանապետը, թե ոչ, Վլադիմիր Գասպարյանը նկատեց`«ես անկանխատեսելի անձնավորությում եմ, բայց եւ արդար»:

Ոստիկանապետից հետաքրքրվեցինք նաեւ հայր եւ որդի Աֆյանների ճակատագրով, մասնավորապես, թե որդու պաշտոնանկությունը ինչպես կազդի հոր հետագա աշխատանքի վրա: Նա նշեց, որ Սաշիկ Աֆյանի պաշտոնանկության հետ կապված որեւէ թեմա չկա, իսկ որդին տեղափոխվեց կադրերի տրամադրության տակ: «Ոստիկանությունը օրգանիզմ է, , բուժվում է մեր ոստիկանությունը, այդտեղ հաճախակի փոփոխություններ են լինում, պետք չէ կապել ինչ է թե ազգանունը Աֆյան է, ոչ հայրիկը կարող է ազդել զավակի աշխատանքի վրա, ոչ զավակը` հայրիկի: Անընդհատ տեղափոխում ենք, որ սովորություն չդառնա, եթե սովորություն  է դառնում, բերում է բացասական բոլոր երեւույթները, ոստիկանը պետք է ամեն օր աշխատանքի գնա, ինչպես առաջին օրը, ինչքան քիչ ուշ ընտելանան, այնքան երկար կաշխատեն»,- ասել է նա: