Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Քուվեյթի Պետության Ազգային ժողովի նախագահ Ալի Ֆահդ Ալ Ռաշիդի գլխավորած պատվիրակությանը:

«Մենք մեծ նշանակություն ենք տալիս Հայաստանի եւ Քուվեյթի հարաբերությունների ամրապնդմանը եւ ընդլայնմանը: Համոզված եմ, որ ձեր պատվիրակության այցը նոր թափ է հաղորդելու երկկողմ կապերի զարգացմանը», - հյուրերին ուղղված ողջույնի խոսքում նշել է վարչապետ Սարգսյանը:

Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Քուվեյթի Ազգային ժողովի նախագահը ներկայացրել է պատվիրակության անդամներին եւ ընդգծել, որ այցի նպատակն է ամրապնդել եւ զարգացնել երկու երկրների հարաբերությունները:

 Կառավարության ղեկավարը գոհունակություն է հայտնել կրթության եւ մշակույթի ոլորտներում ծավալված գործակցության ընթացքից (մշակույթի օրերի անցկացում Քուվեյթում եւ Հայաստանում, կրթաթոշակների տրամադրում հայ ուսանողներին` Քուվեյթում ուսանելու համար), ինչպես նաեւ ՀՀ կառավարության անունից շնորհակալություն հայտնել Սիրիայից տարհանված եւ Հայաստանում բնակություն հաստատած սիրիահայերին Քուվեյթի Պետության կողմից ցուցաբերվող նյութական օժանդակության համար:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ առեւտրատնտեսական կապերի զարգացմանն առնչվող հարցեր: Այս համատեքստում կարեւորվել է հայ-քուվեյթական միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը: Երկուստեք առաջնային է համարվել օդային ուղիղ հաղորդակցության ստեղծումը, եւ վարչապետը նշել է, որ այդ հարցը կներառվի միջկառավարական հանձնաժողովի հաջորդ նիստի օրակարգ:

Տիգրան Սարգսյանը հյուրերին է ներկայացրել ՀՀ տնտեսության զարգացման առաջնահերթությունները եւ անդրադարձել համագործակցության հետաքրքրություն ներկայացնող ոլորտներին` գյուղատնտեսական ապրանքների արտահանում, հանքահումքային եւ քիմիական արդյունաբերություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, գիտություն, ֆինանսական համակարգ, առողջապահական զբոսաշրջություն: Ներկայացված տեղեկատվությանն ի պատասխան Քուվեյթի ԱԺ նախագահը նպատակահարմար է համարել քուվեյթյան գործարարների պատվիրակության այցը մեր երկիր` ներդրումային հնարավորություններին ծանոթանալու եւ հեռանկարային ծրագրերը քննարկելու նպատակով:

Պատվիրակության անդամները վարչապետից հետաքրքրվել են Հայաստանում օտարերկրյա ներդրողների համար գործող օրենսդրական եւ հարկային դաշտի մանրամասներով: Վարչապետ Սարգսյանը տեղեկացրել է, որ Համաշխարհային բանկի «Doing Business» ինդեքսով աշխարհի 184 երկրների շարքում Հայաստանն զբաղեցնում է 32-րդ տեղը, ինչը վկայում է մեր երկրում բարենպաստ բիզնես միջավայրի եւ լիբերալ հարկային դաշտի առկայության մասին: Նա հավելել է, որ «Զարգացման հայկական գործակալությունը» Քուվեյթի պատվիրակությանը մանրամասն տեղեկատվություն կտրամադրի Հայաստանում արտասահմանյան ներդրողների համար գործող օրենսդրության եւ հարկային արտոնությունների վերաբերյալ:

Վարչապետն իր ողջույններն ու Հայաստան այցելելու հրավերն է փոխանցել Քուվեյթի Պետության վարչապետ Ջաբեր Ալ-Մուբարաք Ալ-Համադ Ալ-Սաբահին: Իր հերթին Քուվեյթի Պետության Ազգային ժողովի նախագահ Ալի Ֆահդ Ալ Ռաշիդը վարչապետ Տիգրան Սարգսյանին հրավիրել է Քուվեյթ: