Հայաստանի եւ Եվրամիության միջեւ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը Հայաստանին թույլ կտա օգտվել նոր ռազմավարական հնարավորություններից: Այս  մասին, այսօր` հունիսի 13-ին հրավիրված սեմինար-քննարկման ժամանակ նշեց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը՝ խոսելով Հայաստան-ԵՄ Ասոցացման պայմանագրի մասին:

Նա իր խոսքում 4 հնարավորություն  առանձնացրեց. «Նախ դա հնարավորություն է հենց Եվրամիության համար: Այդ ասոցացումը Եվրամիությանը կտա լծակ՝ Հայաստանում ժողովրդավարական զարգացումներն ավելի առաջ մղելու համար: Երկրորդ հնարավորությունը Հայաստանի համար է, որն ավելի մեծ ինտեգրման հնարավորություն կունենա՝ առաջիկա մեկուսացման պայմաններում: Երրորդ հնարավորությունը անմիջապես տարածաշրջանի համար է, քանի որ ԵՄ-ն առաջարկում է  տարածաշրջանային կայունություն: Իսկ չորրորդը շատ հետաքրքիր է հենց Ռուսաստանի համար, քանի որ առաջադեմ Հայաստանի գոյությունը բխում է նաեւ Ռուսաստանի շահերից»,- մանրամասնեց Ռիչարդ Կիրակոսյանը եւ ավելացրեց, որ այս ամենը լուրջ սպառնալիք է օլիգարխիկ տնտեսության համար:

Նրա համոզմամբ՝ Հայաստանը բարեփոխումների գնալու ուրիշ այլընտրանք չունի: «Եղած տնտեսական ստատուս քվոն ձեռնտու է մի քանի գործարարների, բայց կործանարար է երկրի համար: Օլիգարխները չեն գիտակցում, որ իրենց ուժը ու հնարավորությունը կամաց-կամաց մարում է կամ վերջում կգիտակցեն, երբ շատ ուշ կլինի:  Սա մի հնարավորություն է, որ Հայաստանը չի կարող այն ձեռքից բաց թողնել»,- ընդգծեց Ռիչարդ Կիրակոսյանը: