Ադրբեջանում լրջորեն նեղացել են Եվրախորհրդարանից։ Պատճառը Ադրբեջանի իշխանությունների՝ ընդդիմադիր ակտիվիստ Իլգար Մամեդովի բանտարկության վերաբերյալ որոշման առթիվ Եվրամիության վերջերս ընդունած քննադատական բանաձեւն է։

Վիրավորանքը միանգամից երկու ատյաններով են արտահայտել՝ ԱԳՆ-ի եւ խորհրդարանի միջոցով. Հայտարարություններն ըստ էության «անարդարացի» մոտեցման դեմ բողոք են արտահայտում։ Միլի մեջլիսի ընդունած հայտարարությունում նշվում է, որ «հունիսի 13-ին Ադրբեջանի վերաբերյալ Եվրախորհրդարանի ընդունած բանաձեւն անկողմնակալ չէ եւ չի համապատասխանում կառուցողականության ոգուն»։ Ավելին, բանաձեւը «հարված է հասցնում Ադրբեջանի եւ Եվրախորհրդարանի հարաբերություններին», ընդգծվում է հայտարարությունում։ Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Օգտայ Ասադովը ավելի հեռուն է գնացել եւ հաղորդել, որ «Եվրախորհրդարանն ինչ-որ բան թելադրելու իրավունք չունի։ Ադրբեջանին ժողովրդավարության դասեր տալով՝ Եվրախորհրդարանն ինքը չի փորձում Բաքվի հետ ժողովրդավարական ճանապարհով ինչ-որ հարցեր քննարկել»։

Զուգահեռաբար վիրավորանքն արտահայտել է Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ կրկին հայտարարությամբ հանդես գալով։ Ուշագրավ է այն հանգամանքը, որ Ադրբեջանի իշխանություններին դուր չեկած ցանկացած երեւույթի տրվում է «այսպես կոչված» բնութագրումը։ Այս անգամ էլ ԱԳՆ-ն գրել է «Եվրախորհրդարանի այսպես կոչված բանաձեւը»։

Հիշեցնենք, ավելի վաղ Ադրբեջանի իշխանությունները բավական ջանքեր էին գործադրել ԵԱՀԿ-ի հետ հարաբերությունները փչացնելու եւ այդ կազմակերպության գրասենյակի վարկը գցելու ուղղությամբ։ Տպավորություն է ստեղծվում, որ Ադրբեջանը «անձի կայացման» շրջան է ապրում կամ էլ «հող է նախապատրաստում» հոկտեմբերին նշանակված նախագահական ընտրություններից հետո հավանական քննադատության դեպքերի համար։