Անհասկանալի է, թե ինչպես է իրականացվելու ադրբեջանական գազի տարանցումը Եվրոպա, քանի որ «Nabucco»-ի նախագիծը գրեթե մահացել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց ռուսաստանցի տնտեսագետ Իոսիֆ Դիսկինը` անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի` Եվրոպա էներգակիրների մատակարարման հարցում Ադրբեջանի դերի մասին հայտարարությանը:
Նրա համոզմամբ` «Nabucco»-ն եւ գազի առաջիկա առաքումներն ավելի շատ բլեֆ են, քան իրական նախագիծ:
Նշենք, որ Իլհամ Ալիեւը հունիսի 21-ին Բրյուսելում բանակցությունենր էր վարել Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բարոզոյի հետ Եվրոպա ադրբեջանական գազի առաքման վերաբերյալ: Ալիեւը Բրյուսելին հավաստիացրել էր, որ ի դեմս Ալիեւի, Եվրոպան կունենա հուսալի գործընկեր, որը Եվրոպա էներգակիրների մատակարարման լուրջ դերի է հավակնում:
«Հուսով եմ, որ Ադրբեջանից գազի ծավալները չեն սահմանափակվի միան Շահ Դենիզով: Մենք ավելի քան 3 տրիլիոն խմ ապացուցված պաշարներ ունենք: Եւ ԵՄ-ն ադրբեջանական գազի գլխավոր շուկան կլինի»,-խոստացել է Ալիեւը: Սակայն ինչպես նա, այնպես էլ Բորոզոն նախաընտրել են առայժմ գաղտնի պահել «Trans Adriatic Pipeline»-ի եւ «Nabucco»-ի ճակատագրերը:



























