Գերմանիայի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Գիդո Վեստերվելեն եւ Ահմեդ Դավութօղլուն երկարատեւ հանդիպում են անցկացրել՝  երկու երկրների հարաբերությունների լուրջ սրացման ֆոնին։ Հանդիպումը կայացել է հունիսի 22-ին Քաթարի մայրաքաղաք Դոհայում «Սիրիայի ընկերների խումբ» կոչված կոնֆերանսի շրջանակում։ Զրույցը կայացել է «բարեկամական եւ կառուցողական մթնոլորտում»։

Նախարարները կարծիքներ են փոխանակել ԵՄ-Թուրքիա արդիական հարցերի շուրջ, ինչպես նաեւ քննարկել են երկկողմ հարաբերությունները», - ասված է Գերմանիայի ԱԳՆ-ի հաղորդագրությունում, գրում է «ՌԻԱ Նովոստին»։

Հիշեցնենք, նախօրեին երկու երկրների դեսպաններն էլ հրավիրվել էին համապատասխան երկրների ԱԳՆ՝ բացատրություն տալու։ Իսկ դա տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ ԵՄ մտնելու բանակցություններում Թուրքիայի գլխավոր բանակցող Էգեմեն Բաղըշը Մերկելին հիշեցրել էր Ֆրանսիայի նախկին նախագահ Սարկոզիի ճակատագիրը։

Ամեն ինչ սկսվել էր Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի՝ գերմանական RTL հեռուստաալիքին տված   հարցազրույցից, երբ վերջինս հայտարարել էր, որ Թուրքիայի ոստիկանությունը  «շատ դաժան է վարվել»՝ հավելելով, որ ցույցը ցրելու կադրերը «վախեցրել են» իրեն «եւ շատերին»:

Ի պատասխան Եվրոպական Միության հետ կապերի նախարար  Էգեմեն Բաղըշը հայտարարել էր. «Գերմանիայում ընտրությունների նախաշեմին Թուրքիայի հաշվին միավորներ հավաքելն ակնհայտ վատ գաղափար է»: Նա նաեւ նշել էր, որ Գերմանիայի կանցլերը «փորձում է կրկնել Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի սխալները», որը քննադատում էր Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին եւ Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության  ճանաչման նախաձեռնողն էր: Հայտնելով, որ  տիկին Մերկելը «մոռացել է Ֆրանսիայի նախկին նախագահի ճակատագիրը», պարոն Բաղըշը «բարեկամական խորհուրդ» էր տվել` «հիշել, թե սովորաբար ինչքան վատ է ավարտվում ամեն ինչ նրանց հետ, ովքեր դեմ են դուրս գալիս Թուրքիային»:

«Կոմերսանտ». Թուրքիայի եւ Գերմանիայի միջեւ սկանդալ է հասունանում. Մերկելին հիշեցրել են Սարկոզիի ճակատագիրը

ԵՄ երկրների բարձրաստիճան դիվանագետները նախորդ հինգշաբթի որոշել էին հայտարարել Թուրքիայի՝ Եվրամիություն մտնելու բանակցությունների հաջորդ փուլի մեկնարկը, սակայն Գերմանիայի ներկայացուցիչները արգելափակել էին այն։

Գերմանիան արգելափակել է Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունների նոր փուլը: