Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Քեթրին Լիչը, «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում, հույս է հայտնել, որ գալիք նոյեբերին կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթնաժողովից հետո Հայաստանի հարաբերությունները Եվրամիության կթեւակոխեն նոր մակարդակ:
Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում կայանալիք Եվրամիության Արեւելյան գործընկերության ծրագրում ընդգրկված երկրների գագաթնաժողովի ժամանակ սպասվում է, որ Հայաստանի հետ կստորագրվի Ասոցացման համաձայնագիրն ու Ազատ առեւտրի գոտու մասին պայմանագիրը:
Դիտարկմանը, թե շատ է քննարկվում հարցը, որ Հայաստանը կանգնած է երկընտրանքի առջեւ` Եվրասիական միությո՞ւն, թե՞ Եվրոպական միություն, որոշ վերլուծաբաններ ու քաղաքական գործիչներ նշում են, թե Ռուսաստանն այս հարցում ճնշում է գործադրում Հայաստանի վրա, եւ հարցին, թե ինչ կարող է ասել այդ կապակցությամբ, դեսպան Լիչը պատասխանել է. «Հայաստանի նման փոքր երկրի համար, որն առավել եւս ունի երկու փակ սահման, ընտրություն ունենալը կարեւոր է, որպեսզի կարողանա հարաբերություններ զարգացնել տարբեր ուղղություններով: Մենք հասկանում ենք, որ Ռուսաստանն ունի եւ ունենալու է ռազմավարական կարեւորություն Հայաստանի համար, բայց շատ ենք ուզում նաեւ, որ որքան հնարավոր է Հայաստանը մոտենա Եվրոպային: Ուստի, մենք իրապես հույս ունենք, որ վիլնյուսյան գագաթնաժողովում առաջընթաց կգրանցվի եւ կստորագրվեն Ասոցացման համաձայնագիրը եւ Ազատ առեւտրի գոտու մասին պայմանագիրը: Կարող ենք օրինակ բերել, որ այլ եվրոպական երկրները, որ անցել են այդ ճանապարհով, շատ դրականորեն կարգավորել են իրենց ներքին կյանքը: Ամեն դեպքում Հայաստանը ինքը պետք է որոշի: Սակայն ինչ վերաբերվում է եվրոպական կողմին` մենք հուսով ենք, որ Հայաստանը կմոտենա Եվրոպային որքան կարող է»:
Հարցին, թե անձամբ ինքը տեսնո՞ւմ է Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ գործադրվող ճնշման դրսեւորումներ, դեսպանը պատասխանել է. «Կարծում եմ, պատմությունը եւ Հայաստանի աշխարհագրական դիրքը անընդհատ հարկադրելու են Հայաստանին կշռելու դրականն ու բացասականը այս ընտրության ժամանակ: Ինչ վերաբերում է գազի գնին… ես նույն սենյակում չեմ եղել բանակցողների հետ, ուստի տեղյակ չեմ»:




























