Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանը հույս ունի, որ միջազգային հանրությունը կաջակցի ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին՝ ԼՂ խնդրի լուծման գործում: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նշել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Քեթրին Լիչը:

Անդրադառնալով ղարաբաղյան խնդրի կարգավորման բանակցություններում զարգացումներին, Լիչն ասել է. «Գիտենք, որ Մեծ ութնյակի շրջանակներում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարների կողմից արվեց հայտարարություն: Այն շատ կարեւոր մի վերահաստատում է, որ միջազգային հանրությունը ցանկանում է տեսնել, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է շարունակեն բանակցել ու հանգեն լուծման: Ռազմական ծախսերի աճը չի բերի վստահության մթնոլորտի ամրապնդմանը կողմերի միջեւ, եւ հակամարտության կողմերի առաջնորդները պետք է պատրաստեն իրենց հասարակություններին խաղաղության ու ոչ թե պատերազմի: Հուսով եմ, որ միջազգային հանրությունը կաջակցի ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին»:

Անդրադառնալով Թուրքիայի կողմից Հայաստանի հետ սահմանը փակ պահելուն` Միացյալ Թագավորության դեսպանն ընդգծել է. «Հնարավորինս ամեն ինչ ցանկանում ենք անել, որ հայ-թուրքական հաշտեցումը տեղի ունենա: Փակ սահմանը Եվրոպայում այն չէ, ինչ մենք ցանկանում ենք տեսնել: Մենք` որպես Միացյալ Թագավորություն ու Եվրամիության անդամ երկիր, սատարում ենք հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացին եւ շարունակում ենք կոչ անել, որ հայ-թուրքական արձանագրությունները պետք է վավերացվեն առանց նախապայմանների»: