Հոնկոնգից Մոսկվայի «Շերեմետեւո» օդանավակայան ժամանած  Էդվարդ Սնոուդենը դիմել է Էկվադորին` իրեն քաղաքական ապաստան տրամադրելու խնդրանքով: 

Հիշեցնենք, որ Սնոուդենը Մոսկվա էր ժամանել հունիսի 23-ին:

Կիբերլրտեսը մեկնում է Վենեսուելա` Մոսկվայով եւ Հավանայով

Ավելի վաղ ռուսական գործակալությունները հայտնել էին, որ երկուշաբթի Սնոուդենը պետք է Կուբա մեկնի, որտեղից այնուհետեւ կարող է ուղեւորվել Էկվադոր կամ Վենեսուելա: Այլ երկրների շարքում, ուր կարող է մեկնել Սնոուդենը,  թվարկել են նաեւ Իսլանդիան: Ավելի ուշ Wikileaks-ը հայտնել էր Էկվադորում ապաստան ստանալու` Սնոուդենի մտադրության մասին: 
Ըստ տեղեկությունների` ամերիկացին «Շերեմետեւոյի» տարանցիկ գոտում սպասում է հաջորդ չվերթին:
«Շերեմետեւոյի» տերմինալներից մեկի մոտ  նկատել էին Էկվադորի պետական դրոշով մի մեքենա: Էկվադորի լրատվամիջոցները հայտնել էին, որ  Սնոուդենի հետ արդեն հասցրել է հանդիպել Էկվադորի դեսպանատան բժիշկը: 
Ըստ Reuters-ի` Մոսկվայում Էկվադորի դեսպան Պատրիսիո Ալբերտո Չավեսը ժամանել էր օդանավակայանի հյուրանոց` Սնոուդենի հետ հանդիպելու մտադրությամբ:
Հոնկոնգից  SU213 չվերթի ուղեւորներից մեկը «ՌԻԱ Նովոստի» գոծակալությանը պատմել էր, որ  մի մարդու դիմավորել, ուղեկցել էր դիվանագիտական համարներով մի մեքենա` հենց  օդանավի մոտից: 
 «Ինտերֆաքսի» աղբյուրները հայտնում են, որ Սնոուդենը դուրս չի եկել տարանցիկ գոտուց:  «Փրայմ» գործակալության աղբյուրը հայտնել է, որ  ռուսական վիզա չունեցող Սնոուդենը համար է վարձել E տերմինալում:

Ըստ ABC-ի արտասահմանյան լուրերի խմբագիր Ջոն Ուիլյամսի` Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպանատան նեկայացուցիչները ռուսական իշխանություններին հայտնել էին, որ հունիսի 22-ից Սնոուդենի անձնագիրն անվավեր է: Սակայն տարանցիկ գոտում Սնոուդենին անձնագիր հակավոր չէ:   

ԱՄՆ-ի պետդեպարտամենտը հաստատել է, որ Սնոուդենի անձնագիրն անվավեր է:
Ուժային կառույցների աղբյուրը ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել է, որ ռուս իրավապահները ԿՀՎ-ի նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենին ձերբակալելու որեւէ հիմք չունեն: Նա միջազգային հետախուզման մեջ չէ, Ռուսաստանի տարածքում  որեւէ ապօրինի գործողություն չի կատարել: 

CNN-ի հետ հարցազրույցում ԱՄՆ-ի դեսպանատան բարձրաստիճան մի պաշտոնյա հայտնել էր, որ Վաշինգթոնը դիմել է Էկվադորին, Վենեսուելային եւ Կուվբային` Սնոուդենին չընդունելու խնդրանքով:

Հունիսի 22-ն Սպիտակ տունը դիմել էր Հոնկոնգին` խնդրելով հանձնել Սնոուդենին: Սակայն չինական իշխանությունները մերժել էին:
Ամերիկացի սենատոր Չակ Շումերը վստահ է, որ Էդվարդ Սնոուդենի հետեւում կանգնած է Պեկինը, եւ որ ռուս նախագահ Պուտինը օգնում է ամերիկյան իշխանություններից Սնոուդենի թաքնվելուն: