Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆը արտակարգ խորհրդակցություն է հրավիրել երկրի 27 նահանգների եւ խոշոր քաղաքների ղեկավարների մասնակցությամբ՝ կապված զանգվածային բողոքի ցույցերի հետ, որոնք շարունակվում են երկու շաբաթից ավելի:
Հանդիպմանը կխոսվի այսպես կոչված Ազգային պակտի մասին՝ ուղղված բնակչությանը մատուցվող ծառայությունների բարելավմանը: Երկրի նախագահը մտադիր է նաեւ հանդիպել Սան Պաուլուի «Հանուն անվճար երթեւեկության» շարժման առաջնորդների հետ, որոնք երկու շաբաթ առաջ սկիզբ են դրել ցույցերին եւ այն տարածվել է ողջ երկրով մեկ, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Հունիսից երթեւեկության գների բարձրացումը ցույցերի ճնշման տակ չեղյալ է հայտարարվել, սակայն դա չի թուլացրել ցույցերի ալիքը: Ավելին, ցույցերի մասնակիցներն ընդլայնել են բողոքի օրակարգը:
Հասարակական կարծիքի հարցումների արդյունքների համաձայն, խաղաղ ցույցերը պաշտպանում է բրազիլացիների 75 տոկոսը:




























