«Երկրները` մեկ հարկի տակ» անվանումը կրող ամենամյա փառատոնն այս տարի կանցկացվի սեպտեմբերի 20-22-ին Հյուսիսային պողոտայում: Սեպտեմբերի 22-ին տեղի կունենա փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը Երեւանի դահլիճներից որեւէ մեկում: Փառատոնին կմասնակցեն ինչպես տեղի արտադրող եւ ներկրող ընկերությունները, այնպես էլ` միջազգային ընկերությունները եւ ՀՀ- ում գործող բոլոր դեսպանատները եւ հյուպատոսությունները: Փառատոնն իր բնույթով գործարար է, մշակութային, էթնիկ:
Փառատոնը մեկնարկել է 2012 թվականին: Հայաստան են ժամանել արտերկրա հայ եւ օտարազգի գործարարներ, մասնակցել են 18-ից ավելի երկրների ներկայացուցիչներ, որոնք հնարավորություն են ունեցել ծանոթանալու միմյանց հետ, կապեր հաստատելու, կնքելու պայմանագրեր եւ համագործակցելու: Միջոցառումը մասնակիցներին հնարավորություն ընձեռեց լավագույնս ներկայանալու եւ ներկայացնելու սեփական արտադրանքը: Արձագանքները եղան բացառապես դրական: Պաշտոնական բացմանը, որը կատարեցին ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը եւ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի, զարգացման եւ ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանը, ներկա էին պետական այրեր, դեսպաններ:
Այս տարի եւս փառատոնը միտում ունի ավելի զարգացնելու եւ նոր կապեր հաստատելու Հայաստանի եւ արտերկրյա գործարարների միջեւ: Պաշտոնական բացմանը կմասնակցեն ՀՀ նախարարություններ, Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ պետական այրեր, դեսպաններ: Փառատոնը կլուսաբանվի տարբեր հեռուստա եւ ռադիոընկերություններով:
Փառատոնն ունի նաեւ ճանաչողական բնույթ. նպաստել տարբեր երկրների ազգային մշակույթին, խոհանոցին եւ դրա յուրահատկություններին ծանոթանալուն, որոշ ժամանակով առօրյա հոգսերից կտրվելուն, իսկ օտար երկրների ներկայացուցիչներն էլ, իրենց հերթին, ծանոթանալու հայկական ավանդույթներին, մշակույթին, ինչպես նաեւ` խոհանոցին: Փառատոնն ինքնին մեծ հնարավորություն է միջազգային ընկերություններին ներկայանալու, ինչպես նաեւ հայաստանյան եւ օտարերկրյա ընկերությունների միջեւ գործարար կապեր հաստատելու եւ համագործակցելու համար: Փառատոնին ներկա կլինեն բոլոր ոլորտների ներկայացուցիչները` մթերք, խմիչք, տեքստիլ, նորաձեւություն, ինովացիա եւ այլն:
Մասնակիցներն են` ՀՀ-ում գործող դեսպանություններ, հյուպատոսություններ, արտասահմանյան երկրներ/ Ֆրանսիան, Ռուսհամագործակցության ներկայացուցչությունը Հայաստանի հանրապետությունում, Բելոռուսը, Թուրքմենիան, Սիրիան, Արգենտինան, Մեծ Բրիտանիան, Իսրայելը, Ռումինիան, Էստոնիան, Ուկրաինան, Ղազախստանը, Հայաստանը եւ այլ դեսպանություններ, հյուպատոսություններ/:
Փառատոնի ընթացքում կկատարվի նաեւ հանգանակություն, որի ողջ հասույթը կբաժանվի բարեգործական հիմունքներով:
Փառատոնին կարող են մասնակցել նաեւ սփյուռքահայ գործարարներ:




























