Այսօր՝ հունիսի 24-ին մեկնարկել է Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանը: ԵԽ Նախարարների կոմիտեն նախագահում է Հայաստանը:

«Առավոտ»-ի փոխանցմամբ, ԵԽԽՎ կայքէջում տեղադրված է «Հայաստանի նախագահությունը Նախարարների կոմիտեում» վերտառությամբ փաստաթուղթ.  որտեղ Հայաստանի հասցեին, մեղմ ասած, ոչ հաճելի արտահայտություններ կան՝ «ագրեսոր պետություն» եւ այլն: Այն ստորագրված է Միացյալ Թագավորության, Իսպանիայի, Իտալիայի, Ֆինլանդիայի, Բելգիայի, Բուլղարիայի, Իռլանդիայի 31 պատվիրակների կողմից: Փաստաթուղթը առաջարկություն է, որպեսզի հարցը դառնա քննարկման առարկա, ուղարկվի հանձնաժողով, հետագայում պատրաստվի զեկույց եւ այլն:

Փաստաթղթում մասնավորապես նշված է. «12 տարի առաջ ԵԽԽՎ-ն Հայաստանին ընդունեց որպես նոր անդամ: ԵԽ-ի, ինչպես նաեւ միջազգային հանրության սպասելիքները Հայաստանից վերաբերում էին նրան, որ Հայաստանի անդամակցությունը հանուն ժողովրդավարության իրականացվող եվրոպական ֆորումին կնպաստի Հարավային Կովկասում խաղաղության ապահովմանը: Միջազգային հանրության կողմից ներկայացված մի շարք բանաձեւերում Հայաստանը բնութագրված է` որպես ագրեսոր պետություն, որը բազմիցս, ինչպես նաեւ ԵԽ-ի կողմից դատապարտվել է ռազմական ագրեսիայի իրականացման համար, քանի որ Հայաստանի դիրքորոշումը այս հարցում հակասում է Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը հիմնարար սկզբունքներին»:

Փաստաթուղթը ստորագրած պատվիրակները այս համատեքստում վիճարկում են Հայաստանի` ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահության հարցը. «Պատվիրակները այնքան են մտահոգված Հայաստանի նման վերաբերմունքով, որ ունեն լուրջ վերապահումներ 2013-ի մայիսի 16-ից սկսած Հայաստանի ներկա նախագահության կապակցությամբ: Կարծում ենք, որ ճիշտ կլինի Նախարարների կոմիտեին առաջարկել լրջորեն վերանայել Հայաստանի դիրքորոշումը առաջիկա նախագահության շրջանակներում եւ դիմել հնարավոր ճնշումների ՀՀ իշխանությունների վրա` ապահովել եւ անհապաղ քայլեր ձեռնարկել վերացնել Հայաստանի դիրքորոշումը, որպես ագրեսոր պետության»:

Այնուհետեւ պատվիրակները  Բյուրոյին առաջարկում են պատրաստել զեկույց եւ քննարկման առարկա դարձնել  ՀՀ-ի` Նախարարների կոմիտեի նախագահության ձախողման հարցը: Ըստ նրանց` զեկույցը պետք է ընդգրկի նաեւ գնահատման նախաձեռնությունները, որոնք ներկայացվել են Վեհաժողովի կողմից: Այն պետք է հստակորեն արտահայտի խոչընդոտները, քաղաքական դերակատարներին ու պատասխանատվությունները եւ սահմանեն համապատասխան եզրահանգումներ: Պատվիրակներն առաջարկում են այս հարցը մտցնել օրակարգ:

Շարունակությունը կարդացեք «Առավոտ.am»-ում