Թուրքիայի պաշտպանության նախարարությունը դիտարկում է չինական զենիթահրթիռային համակարգերը գնելու հնարավորությունը, թեեւ վերջնական որոշում դեռ չի կայացրել: Այս մասին հայտնում է Defense News-ը` վկայակոչելով պաշտպանական ոլորտում գնումների պատասխանատու թուրքկան գործակալությանը:  Ըստ թուրք զինվորականների գնահատման`  չինական արտադրության զենիթահրթիռային համալիրները լիովին բավարարում են Թուրքիայի տեխնիկական պահանջները, իսկ դրանց արժեքը զգալիորեն  ցածր է արտասահմանյան համարժեքներից:  Բացի դրանից,  համալիրները գնելու դեպքում Չինաստանը պատրաստ է  գնորդին տրամադրել արտադրական  տեխնոլոգիաները:

Համալիրները գնելու վերաբերյալ վերջնական որոշումը կայացնելու են Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը եւ երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Որոշումը կհրապարակվի Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության խորհրդի նիստի ընթացքում  (DIEC), որի ամսաթիվը դեռ չի նշանակվել: 2013թ. հունվարին Թուրքիայի պաշտպանության նախարարությունը դադարեցրել էր չորս միլիարդ դոլար արժողությամբ 12 զենիթահրթիռյին համալիրների մատակարարման մրցույթը:  Երկրի ղեկավարությունը վճռել էր սեփական ՀՕՊ համակարգ ունենալ` արտասահմանյան գործընկերոջ աջակցությամբ, հաղորդում է  lenta.ru-ն:

Մրցույթին մասնակցել էին ամերիկյան Raytheon/Lockhee Martin-ը, «Ռոսօբորոնէքսպորտը», չինական China Precision Machinery Export-Import Corporation-ը եւ եվրոպական EuroSam-ը: Նրանք թուրք զինվորականներին առաջարկել էին Patriot, С-300, HQ-9 (С-300В-ի փոփոխված տարբերակը) եւ Aster 30 SAMP/T համալիրներ: Ըստ Defense News-ի` մրցույթը չեղյալ չէր հայտարարվել, պարզապես փոխվել էին դրա պայմանները:  Ավելի վաղ հաղորդվել էր, որ թուրք զինվորականները կարող են նախապատվությունը տալ  ռուսական համալիրներին, սակայն ՆԱՏՕ-ի ղեկավարությունը երկրին առաջարկել էր չգնել դրանք: