ԵԽԽՎ նախագահ Ժան-Կլոդ Մինյոնը ցանկություն է հայտնել հայկական եւ ադրբեջանական պատվիրակությունների հետ քննարկելու ղարաբաղյան խնդիրը:
«Կցանկանայի օգտվել առիթից եւ հայկական եւ ադրբեջանական պատվիրակությունների հետ քննարկել այդ հարցը»,-ասել է նա մամուլի ասուլիսի ժամանակ` պատասխանելով ղարաբաղյան խնդրի վերաբերյալ հարցին: Ընդ որում, նա չի մանրամասնել, թե երբ է ցանկանում դա անել:
Մինյոնը հիշեցրել է ԵԽԽՎ շրջանակներում գործող Լեռնային Ղարաբաղի հարցերով հանձնաժողովի մասին: Նա նաեւ նկատել է, որ «մադրիդյան սկզբունքները, որոնք մշակվել են Մինսկի խմբի միջնորդների կողմից», այդ ուղղությամբ աշխատանքների հիմքն են»,-փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
1992թ ստեղծված ԵԱՀԿ Մինսկի խմբի նպատակն է մշտական ֆորում ապահովել ղարաբաղյան հարցի շուրջ խաղաղ բանակցությունների համար` հիմնված կազմակերպության սկզբունքների, պարտականությունների եւ հիմնադրույթների վրա: ԵԱՀԿ ՄԽ քննարկումների առարկան Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն ու անվտանգությունն են, փախստականները եւ հարկադիր վերաբնակեցվածները:




























