ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին Չինաստանի եւ Ռուսաստանի իշխանություններին զգուշացրել է ԿՀՎ-ի նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի գործի հնարավոր «հետեւանքների» մասին:
Նյու Դելիում մամուլի ասուլիսի ժամանակ Քերրին հայտնել է, որ Սնոուդենը «դավաճանել է իր երկիրը», հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով Reuters-ը:
Դեռեւս հունիսի 14-ին ԱՄՆ-ի իշխանությունները Սնոուդենին երեք հոդվածով մեղադրանք էին առաջադրել, որոնցից յուրաքանչյուրով նրան սպառնում է մինչեւ տասը տարվա ազատազրկում: Նա մեղադրվում է ազգային անվտանգության համար կարեւոր տեղեկատվության ապօրինի հաղորդման, հետախուզական տեղեկությունների հրապարակման եւ պետության գույքը յուրացնելու մեջ:
Հիշեցնենք, որ այս պահին Սնոուդենի գտնվելու վայրն անհայտ է: Նա Մոսկվայի «Շերեմետեւոյի» տարանցիկ գոտում էր եւ պատրաստվում էր մեկնել Հավանա: Սակայն, ըստ աղբյուրների, ժ. 14.05-ին մեկնած օդանավում Սնոուդենը չի եղել:


























