Հայաստանի նախագահությունը հետամուտ է լինելու Եվրոպայում ռասիզմի եւ այլատյացության դեմ պայքարին: Այս մասին, այսօր՝ հունիսի 24-ին, ԵԽԽՎ-ում լիագումար նիստում իր ելույթում հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար, Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահ Էդվարդ Նալբանդյանը:
Նա իր ելույթում ներկայացրել ԵԽ-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները եւ դրանց իրագործման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:
Նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանի նախագահության գերակայությունները սահմանվել են նկատի ունենալով կազմակերպության առջեւ ծառացած մարտահրավերները եւ նրանցում կարեւոր տեղ է հատկացվել Եվրոպայի խորհրդի բոլոր երեք հենասյուներին` մարդու իրավունքներին, օրենքի գերակայությանը եւ ժողովրդավարությանը:
Նա ընդգծեց, որ հայկական նախագահությունը շարունակելու է աջակցել ԵԽ Գլխավոր քարտուղարի կողմից նախաձեռնած Եվրոպայի խորհրդի բարեփոխումների գործընթացին՝ կազմակերպության արդյունավետությունը բարձրացնելու համար:
«Հայաստանի նախագահությունը հետամուտ է լինելու Եվրոպայում ռասիզմի եւ այլատյացության դեմ պայքարին, միջմշակութային երկխոսության միջոցով եվրոպական արժեքների խթանմանը, մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության եվրոպական չափանիշների ամրապնդմանը, ինչպես նաեւ ժողովրդավարական հասարակությունների խթանմանն ու եվրոպական ճարտարապետությունում Եվրոպայի խորհրդի դերի ամրապնդմանը»,- ընդգծեց Եվրախորհրդի Նախարարների կոմիտեի նախագահը։
Էդվարդ Նալբանդյանը նշեց նաեւ, որ ժողովրդավարությունը, մարդու իրավունքները եւ օրենքի գերակայությունը խթանելու եւ պաշտպանելու գործում Եվրոպայի խորհրդի գործունեության ազդեցության ամրապնդման համատեքստում պետք է երաշխավորվի, որ անհատների իրավունքները պաշտպանվեն Եվրոպայի խորհրդի պատասխանատվության ամբողջ տարածքում՝ անկախ այդ տարածքների կարգավիճակից, որտեղ նրանք բնակվում են։ Կազմակերպությունը պետք է այդ միավորների հետ սերտ խորհրդակցությամբ դիտարկի կարգավիճակով չպայմանավորված մոտեցման հնարավորությունը՝ իր հիմնարար արժեքները եւ սկզբունքները խթանելու նպատակով։
ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահն անդրադարձավ հարեւան տարածաշրջանների՝ ժողովրդավարացման ճանապարհին գտնվող երկրներին Եվրոպայի խորհրդի հետ հարաբերվելու ձեւաչափերի մշակման կարեւորությանը։
Ելույթից հետո Էդվարդ Նալբանդյանը պատասխանեց ԵԽ գործունեությանը, կազմակերպության հայկական նախագահությանը, Հայաստանի արտաքին քաղաքականությանը վերաբերող խորհրդարանական վեհաժողովի անդամների բազմաթիվ հարցերին։




























