ԿՀՎ-ի նախկին աշխատակից Սնոուդենը հայտարարել է, որ ամերիկյան հատուկ ծառայությունների պատվերները կատարող Booz Allen Hamilton ընկերությունում աշխատանքի է անցել՝ գաղտնի տեղեկություններ իմանալու նպատակով: Այս մասին նա  պատմել է հոնկոնգյան South China Morning Post թերթի հետ զրույցում, որն այն հրապարակել է այսօր՝ հունիսի 25-ին:

Սնոուդենը պատմել է, որ Հավայան կղզիներում գտնվող Booz Allen Hamilton ընկերության գրասենյակում աշխատանքի է անցել որպես համակարգի ադմինիստրատոր, որպեսզի ամերիկյան իշխանությունների կողմից քաղաքացիներին հետեւելու փաստի ապացույցներ գտնի: Ըստ Սնոուդենի իրեն հասանելի են եղել ամբողջ աշխարհի այն համակարգիչները, որոնց հետեւում էին Ազգային անվտանգության գործակալության աշխատակիցները, գրում է lenta.ru-ն:

Vesti.ru-ն Սնոուդենի մեկնած ուղղությունների եւ «Շերեմետեւոյի» տարանցիկ գոտուց առեղծվածային հանգամանքներում անհետանալու վերաբերյալ հրապարակումների ընտրանի է մեջբերում:

Մասնավորապես, The Huffington Post-ը գրում է, որ Սնոուդենի մեկնած ուղղություններում հեշտ է տարբերակել քաղաքական եւ գաղափարաբանական բաղադրիչները: Թերթը նաեւ նշում է, որ փախստականը ոչ մի ընտրության հնարավորություն չունի. Վաշինգթոնին դիմակայելու համար հետախուզության նախկին աշխատակիցը պետք է այլ գերտերության օգնություն խնդրի:

The New York Times-ը լույս է սփռում Հոնկոնգում Սնոուդենի անցկացրած վերջին ժամերի վրա, անգամ պարզել են, թե նա ինչ է կերել եւ խմել՝ պիցցա, տապակած հավ, նրբերշիկ եւ պեպսի-կոլա: Բացի այդ, նա եղել է գլխարկով ու ակնոցներով, բոլոր անցորդներին խնդրելէ բջջային հեռախոսները սառնարանում դնել՝ գաղտնալսումներից խուսափելու համար:

The Washington Post-ը իր էջերում մեջբերում է թոշակի անցած դիվանագետների եւ հետախույզների մեկնաբանությունները, որոնք փորձում են կանխատեսել Ռուսաստանի պահվածքը: Եզրակացությունն ԱՄՆ-ի համարր հուսադրող չէ. Ըստ նախկին պաշտոնյաների՝ Սպիտակ տան լծակները բավարար չեն Մոսկվայի վրա ազդելու համար: