Ժնեւում «Միգրացիայի շուրջ միջազգային երկխոսության (ՄՄԵ)» շրջանակներում, հունիսի 19-ին, Սփյուռքի հարցերով նախարարական համաժողովին մասնակցելուց հետո ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մեկնել է Մարսել` մասնակցելու հունիսի  17–ից մեկնարկած «Ֆրանս-հայկական գերազանցության շաբաթին»:  «Ֆրանս-հայկական գերազանցության շաբաթը» կազմակերպել են  ՀՀ սփյուռքի նախարարությունը, Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը, «Terre d` Armenie» կազմակերպությունը: Այն անցկացվում է  Եվրոպայի   մշակութային մայրաքաղաք հռչակված Մարսել քաղաքում: Միջոցառումներն իրականացվում են Մարսելում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Վարդան Սրմաքեշի մասնակցությամբ  եւ Մարսելի քաղաքապետարանի հովանավորությամբ: «Ֆրանս-հայկական գերազանցության շաբաթի» անցկացմանն աջակցել են  Ֆրանսիայի տասնյակից ավելի հայկական կազմակերպություններ, ֆրանսիական եւ հայկական լրատվամիջոցներ:

Հրանուշ Հակոբյանը ներկա գտնվեց նաեւ Ֆրանսիական երիտասարդների միության /ԺԱՖ-ի/  երգի եւ պարի խմբերի համերգին: Համերգի  ավարտին տիկին Հակոբյանը հանդես եկավ ելույթով եւ ընդգծեց հայապահպանության հարցում սփյուռքի մշակութային կենտրոնների գործունեության կարեւորությունը: Նախարարը մայրենի լեզվի պահպանման ու տարածման, սփյուռքահայ երիտասարդների հայեցի կրթության ու դաստիարակության գործում ունեցած ավանդի համար  ՀՀ սփյուռքի նախարարության «Մայրենիի դեսպան» մեդալներ շնորհեց Ֆրանսահայ երիտասարդների միության  ուսուցիչներ Էմմա Մարտիրոսյանին, Միքայել Վեմյանին եւ  Մարիոն Շամասյանին: