Հայաստանում շատերը կարծում են, թե մենք բանակցում ենք Եվրամիություն մտնելու համար: Նույնիսկ լրատվամիջոցներն են ժամանակ առ ժամանակ նման տեղեկություններ տարածում, ու դա հակադրում են Եվրասիական տնտեսական միությանը (ԵվրԱզԷս) ինտեգրվելու հետ:
Իրականում ԵՄ-ին անդամակցելու հարց չկա, եւ չի կարող լինել: Հայաստանը պարզապես ԵՄ-ի բանակցում է Ասոցացման պայմանագիր կնքելու շուրջ, որի բաղադրիչներից մեկն էլ ազատ առեւտրի համաձայնագիրն է (Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագիր): Այս բանակցությունները ոչ մի ընդհանուր բան չունեն այն գործընթացների հետ, որ երկրները սկսում են Եվրամիությանն անդամակցելու համար: Ավելին՝ ասոցացման համաձայնագրերի նախաձեռնողը հենց ԵՄ-ն է, ու այդ առաջարկները արվել են նախկին Խորհրդային Միության մի քանի պետությունների՝ Ուկրաինային, Մոլդովային, Ադրբեջանին, Վրաստանին ու Հայաստանին: Բոլոր այս երկրներին առաջարկվել է նույնատիպ գործընթացներ սկսել՝ Եվրոպայի հետ ավելի մերձենալու համար: Այնպես է ստացվել, որ սրան լուրջ են վերաբերել միայն Ուկրաինան ու Հայաստանը: Համենայնդեպս՝ Ուկրաինան որոշ վերապահումներով ստորագրել է Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագիրը, ու ներկայում սեղանին դրված է ասոցացման համաձայնագրի կնքումը: Հայաստանը, շնորհիվ հիմնականում էկոնոմիկայի նախկին նախարար Տիգրան Դավթյանի քայլերի, էապես մոտեցել է ազատ առեւտրի համաձայնագրի կնքմանը: Թե նախարարի փոփոխությունից հետո այս գործընթացներն ինչ ինտենսիվությամբ կընթանան՝ դժվար է ասել, սակայն հազիվ թե դրանք հետ շրջվեն:
ԵՄ-ն մեր համար կարեւոր շուկա է, ու ավելի կարող է կարեւորվել, եթե ազատ առեւտրի համաձայնագիրը կնքվի, իսկ դա տեղի կունենա, եթե որակի հայաստանյան ենթակառուցվածքները համապատասխանեն եվրոպական ստանդարտներին: ԵՄ-ին բաժին է ընկնում մեր արտաքին առեւտրաշրջանառության մոտ 30%-ը (նույնչափ, ինչ ԱՊՀ-ին), սակայն դրանում մեծ դեր ունեն մետաղները: Գաղտնիք չէ, որ հայկական պղինձն ու մոլիբդենը հիմնականում Եվրոպա են արտահանվում: Ազատ առեւտրի համաձայնագիրը մեզ համար կարեւորվում է նրանով, որ եվրոպական շուկան բացվի նաեւ պատրաստտի արտադրանքի համար (ներառյալ՝ գյուղմթերքը):
Ինչ վերաբերում է ԵվրԱզԷս-ին: Այն ի սկզբանե ստեղծվել է մաքսային միություն ձեւավորելու նպատակով: Սակայն դա վստահություն չառաջացրեց ԱՊՀ որոշ երկրներում, ու այդ պատճառով ԵվրԱզԷս-ը ներկայում ունի ընդամենը 5 մշտական անդամ՝ Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան, Տաջիկստան եւ Ղրղըզստան: Հայաստան դիտորդի կարգավիճակում է: Մաքսային միության մասին էլ հայտարարել են այդ 5-ից միայն 3-ը՝ Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը: Սակայն Եվրասիական մաքսային միությունն այդ հայտարարությունից այն կողմ չի էլ անցել: Դա մի ուրվականի նման է՝ առանց միս ու արյունի, որեւէ մեկը հստակ պատկերացում չունի դրա կոնցեպտի մասին: Ներկայում Եվրասիական մաքսային միությունը գտնվում է տրանսֆորմացիայի շրջանում, ու որոշ հստակություն կարող է առաջանալ 1-2 տարի հետո միայն: Այս պարագայում իմաստ էլ չունի միանալ մի միության, որը դեռ չի կայացել:
Զուտ տնտեսական տեսանկյունից՝ ԵվրԱզԷս-ն ավելի շահավետ է, քան ԵՄ-ն: Մեր էներգակիրները ստանում ենք ԵվրԱզԷս-ից, ու այդ շուկան մեր գործարարների համար ավելի մատչելի է, քան եվրոպական շուկաները: Պատահական չէ, որ Հայաստանը ԵվրԱզԷս-ի բոլոր անդամ երկրների հետ ունի ազատ առեւտրի համաձայնագիր: Սակայն ճիշտ է արդյոք անել ավելին՝ միանալ մաքսային միությանը: Չէ՞ որ այդ դեպքում զրկվում ենք տնտեսական ինքնուրույն որոշումներ կայացնելու հնարավորությունից, իսկ ԵՄ-ի հետ ազատ առեւտրի շուրջ բանակցությունները կարող են ընթանալ միայն մաքսային միության շրջանակներում:
Ավելին՝ Եվրասիական մաքսային միությանն անդամակցումը կարող է քաղաքական ինտեգրման անշրջելի գործընթացների սկիզբ դառնալ, ընդհուպ մինչեւ անկախության փաստացի կորուստ:
Այդ պատճառով, քանի դեռ Եվրասիական մաքսային միության կոնցեպտը հստակեցված չէ, չարժե նույնիսկ բանակցել դրան միանալու շուրջ;
Սամվել Ավագյան




























