Ռուսաստանը որեւէ առնչություն չունի ոչ ԱՄՆ ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի, ոչ էլ աշխարհում նրա տեղաշարժվելու հետ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը` լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ:

«Ուզում եմ միանգամից ասել, որ որեւէ առնչություն չունենք ոչ պարոն Սնոուդենի, ոչ ամերիկյան արդարադատության հետ նրա խնդիրների, ոչ էլ աշխարհում նրա տեղաշարժման հետ: Նա ինքնուրույն է ընտրում իր ուղին, եւ դրա մասին մենք իմանում ենք լրատվամիջոցներից»,-ասել է ԱԳ նախարարը, փոխանցում է «Ռոսբալթը»:

«Նա չի հատել Ռուսաստանի սահմանը»,-ընդգծել է Սերգեյ Լավրովը` մեկնաբանելով Սնոուդենի անվան հետ կապված իրավիճակը: «Բացարձակ անթույլատրելի ու անընդունելի ենք համարում ռուսական կողմին ամերիկյան օրենքները խախտելու մեղադրանքները: Ռուսաստանն իր հասցեին մեղադրանքներ թույլ չի տա»,-ընդգծել է նա: Այս մասին հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

ԱՄՆ դժգոհությունների անտեղիության ու անընդունելիության մասին հաղորդել են նաեւ Չինաստանի ԱԳՆ-ում, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

Հիշեցնենք, որ ԱՄՆ ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը մեղադրվում է գաղտնի տեղեկություններ տարածելու մեջ: Որոշ աղբյուրների հաղորդմամբ` նա սկզբնական շրջանում թաքնվել է Հոնկոնգում, ինչից հետո եկել է Մոսկվա` Կուբայի մայրաքաղաք Հավանա մեկնելու համար:

Ավելի վաղ ԱՄՆ իշխանությունները սպառնացել էին Ռուսաստանին ու Չինաստանին` Սնոուդենի արտահանձնման վերաբերյալ պահանջներն անտեսելու «հետեւանքների» առիթով: