Այսօր` հունիսի 26-ին դանակահարություն է տեղի ունեցել Լոռիի մարզի Վանաձոր քաղաքում: Ինչպես հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, ըստ նախնական տեղեկությունների, դանակահարվել է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղի դասախոս Վասիլի Գեւորգյանը: Վերջինիս ժամը 14-ի սահմաններում տեղափոխել են Վանաձոր քաղաքի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք, որտեղ էլ այս պահին Վասիլի Գեւորգյանին վիրահատում են:

Ոստիկանության ներկայացմամբ՝ դանակահարությունը կատարել է Վանաձոր քաղաքի բնակիչ 29-ամյա Ակսել Մխիթարյանը, ով քիչ առաջ մեղայականով ներկայացել է Վանաձորի ոստիկանություն:  

NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում Լոռիի մարզի Վանաձոր քաղաքի քննչական բաժանմունքի քննիչ Արեն Մնացականյանը հայտնեց, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Այլ մանրամասներն ու լուսանկարներն` առաջիկայում: