Մարտի 8-ի կապակցությամբ Ստեփանակերտում բեմադրվել է լոնդոնահայ դրամատուրգ, Ցեղասպանությունը վերապրածի զավակ Մանուել Ադամյանի «Հավատի որդի» պիեսը։

Պիեսը նվիրված է Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակին։

Ներկայացումն անցել է լեփ-լեցուն դահլիճում։ Այն դիտել են ԼՂՀ խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը, նախարարների կաբինետի անդամներ, ինչպես նաեւ աշխատանքային այցով Արցախում գտնվող ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։

ԼՂՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը ներկայացումը գնահատել է որպես Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիության դրսեւորում։ Մանուել Ադամյանը Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կողմից պարգեւատրվել է մրցանակով եւ Արցախի 20-ամյակը խորհրդանշող շքանշանով։

Հրանուշ Հակոբյանը ԼՂՀ կանանց փոխանցել է ներկայացման նախաձեռնող, Հայաստանի առաջին տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի մարտի 8-ի շնորհավորանքները։