ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւի ընդունումից օրեր անց հայտնի CNN հեռուստաընկերությունը կրկին ցուցադրել է 2008-ի մարտի 4-ին ներկայացրած «Արյունոտ կոտորածների ճիչը» ֆիլմը, որ պատմում է Հայոց ցեղասպանության մասին:

Թուրքական haberler-ի փոխանցմամբ` ԱՄՆ-ի թուրքերին խիստ վրդովվեցրել է հիշյալ ֆիլմի կրկին ցուցադրումը: CNN-ը «Արյունոտ կոտորածների ճիչը» ֆիլմը կրկնել է մարտի 7-ի երեկոյան, որը պատմում է 20-րդ դարի ցեղասպանությունների մասին, իսկ դարասկզբի Հայոց ցեղասպանության մասին պատմող հատվածը չի հասնում մեկ րոպեի։

Նշենք, որ ամերիկյան հայտնի CBS հեռուստաընկերությունը 60 Minutes ծրագրի շրջանակներում փետրվարի 28-ին ցուցադրել է 1915 թ. Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության մասին պատմող «Battle over History» («Պայքար պատմության դեմ») հաղորդումը։

Ինչպես պատմում է հաղորդավարը, հայ ժողովուրդը մեկ միլիոն հայերի բռնի տեղահանումն ու սպանություններն անվանում է իր ազգի Հոլոքոստ, «սակայն թուրքերը հրաժարվում են այդ իրադարձությունները ցեղասպանություն կոչել»:

Այս առնչությամբ Թուրքիայի ԱԳՆ-ն հանձնարարել է ԱՄՆ-ում թուրքական դեսպանատանը՝ պաշտոնական բողոք արտահայտել այդ հեռուստաալիքին: