Պետական հեղաշրջման փորձի մեղադրանքով թուրք սպաների ձերբակալությունները կարող են ազդանշան հանդիսանալ, որ երկրում զգալի փոփոխություններ են տեղի ունենում, եւ զինված ուժերի ներկայացուցիչներն այլեւս գերակշռող դեր չեն խաղա։ Սա կարող է նպաստել թուրքական ժողովրդավարության ամրապնդմանը,- գրում է «The New York Times»-ը։
Թերթը գրում է այն մասին, որ «Թուրքիայի նորագույն պատմության մեջ բանակը միշտ էլ գերակշռող տարր է եղել»։
Համաձայն հրապարակման՝ վերոնշյալ ձերբակալությունները սկսվել են, երբ «Taraf» թերթը հրապարակել է փաստաթղթեր, որի հեղինակները բանակայիններ են եղել։ Փաստաթղթերում խոսվում է պետական հեղաշրջման մասին։
Ի դեպ, Թոււրքիայի եւ ԱՄՆ հարաբերությունները բարդացան այն բանից հետո, երբ ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովը ընդունեց Հայոց ցեղասպանության մասին 252-րդ բանաձեւը։ Մենք կարծում ենք, որ այդ բանաձեւի անհրաժեշտությունը չկա, ինչպես կարծում ենք, որ Անկարայի կողմից փաստից հրաժարումը ապակառուցողական է։ Վաշիգտոնին հարաբերությունների վատացմամբ սպառնալու փոխարեն, Անկարան կարող էր մտածել վերադառնալ Հայաստանի հետ հարաբերությունների լավացման հարցին։
Իսկ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, լավ կլինի, զսպի իր ավտոկրատ ցանկությունները եւ փորձի այնպես անել, որ տեղ ունենան նաեւ ազգային փոքրամասնությունները, կրոնի եւ խոսքի ազատությունները, գրում է հեղինակավոր թերթը:



























