Հայաստանում ցածր մակարդակի վրա է գտնվում կանանց ներգրավվածությունը հասարակական-քաղաքական կյանքին, հատկապեսч պետական կառավարման ոլորտում։ Մարտի 8-ին, կանանց միջազգային օրվան նվիրված միջոցառմանը հայտարարեց «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը։

Նա նշեց, որ Հայաստանի օրենսդիր մարմնում կանանց ներգրավածությունն ընդամենը 9 տոկոս է, իսկ տեղական ինքնակառավարման ոլորտում 2։ «Միայն պատկերացրեք, որ Հայաստանում ոչ մի կին քաղաքապետ չկա».- նշեց Բաղդասարյանը։ «Օրինաց երկրի» նախագահի տեղեկություններով կանանց ներգրավվածությունը ցածր է ոչ միայն կառավարման մարմիններում։ "Ընդ որում, ընտանեկան ծանրաբեռնվածությունն ընկած է կանանց փխրուն ուսերին, հատկապես դժվար է գյուղում բնակվող կանանց համար,-ասաց նա։ Միեւնույն ժամանակ Բաղդասարյանը նաեւ ընդգծեց, որ ոչ մի օբյեկտիվ պատճառ չկա, որը կխոչընդոտի կանանց ծառայողական աճին։ «Կանանց կրթվածության աստիճանը ոչնչով չի զիջում տղամարդկանց կրթվածության աստիճանին։ Հայ հասարակության մեջ արմատացել է կարծրատիպ, ըստ որի՝ կանայք կարող են օգուտ բերել միայն մշակութային, կրթական եւ առողջապահական ոլորտներում»,-վրդովված նշեց Բաղդասարյանը։

Նա կարեւորեց կանանց իրավունքները պաշտպանելու օրենսդրական բազայի ստեղծումը։ Բաղդասարյանը նշեց, որ «Օրինաց Երկիր» կուսակցությունը, որի անդամների 70 տոկոսը իգական սեռի ներկայացուցիչներ են, մշակել է օրինագիծ կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների վերաբերյալ։ Բաղդասարյանն իրենց կուսակցության ձեռքբերումն է համարում այն, որ ծննդաբերությունը Հայաստանում դարձել է անվճար, եւ երրորդ երեխա ունենալիս կանայք 430 հազար դրամ խրախուսանք են ստանում։ «Բոլոր այս միջոցների շնորհիվ, ծնելիությունը 9 տոկոսով ավելացել է»։ Բաղդասարյանն ասաց, որ պետք է հատուկ ուշադրություն դարձնել 45 տարեկանից բարձր կանանց խնդիրների վրա։ «Հատկապես սուր է դրված նրանց զբաղվածության խնդիրը»,- հավելեց Բաղդասարյանը։ «Օրինաց երկրի» առաջնորդի խոսքով, Հայաստանի իշխանությունները կանանց խնդիրներին քիչ ուշադրություն են դարձնում՝ դրանք երկրորդական համարելով։

Խոսելով իր կնոջից, Բաղդասարյանը նշեց, որ նա շատ ակտիվ մարդ է եւ գլխավորում է լեզուների ուսուցման կենտրոնը։ «Իմ կինը եղել է եւ մնում է իմ զինակիցը»,-հայտարարեց նա։