Փետրվարի 8-ից տնից դուրս եկած եւ ջրաշենցիներին ահաբեկած «հրեշը»` 37-ամյա Արամ Ստեփանյանը, դեռ չի հայտնաբերվել: Արարատի մարզի Դարակերտի գյուղապետ Ղուկաս Սիմոնյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ նա ընտանիք չի վերադարձել, չի զանգել, ոչ մեկ նրան չի տեսել եւ առհասարակ որեւէ նորություն չկա:

Իսկ ոստիկանության Արմավիրի բաժնից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ տվյալ անձին հայտնաբերելու համար որոնողական աշխատանքներ են իրականացվում, սակայն առայժմ նրան չեն հայտնաբերել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Արմավիրի մարզի Ջրաշեն գյուղում  մեկ շաբաթ «հրեշ-ուրվական» էր հայտնվել: Նա գյուղում հայտնվում էր մութն ընկնելուն պես, զինված չէր, գյուղացիներին ահաբեկում էր քարերով ապակիներին, տանիքներին հարվածելով: Գյուղապետը մի անգամ նույնիսկ հանդիպել էր «հրեշ-ուրվականի» հետ, 10 մետր հեռավորությամբ զրուցել էին, վերջինս միայն հայհոյում էր, եւ ասում, թե «չմոտենաք, կխփեմ»: Այդ ժամանակ նրան չէր հաջողվել բռնել տղամարդուն, քանի որ մինչեւ զանգել էին եւ գյուղացիները հավաքվել էին, նա փախել էր: «Հրեշ-ուրվականի» կեցավայրը գյուղում գտնվող սարի վրա է` քարանձավներում, որտեղ գյուղացիները հերթապահում էին, որպեսզի բռնեն: Նշենք, որ մոտ մեկ ամիս առաջ էլ Արագածոտնի մարզի Կարբի գյուղում էր խուճապ։ Գյուղացիները պատմում էին ինչ-որ «հրեշի» մասին, որը մութն ընկնելուն պես հարձակվում է մարդկանց վրա, մորթում է փողոցի շներին եւ բակերից գողացված իրերը շաղ է տալիս փողոցներով մեկ: Խուճապն ու անհանգստությունն այն աստիճանի էին հասել, որ կանայք ու աղջիկները մութն ընկնելուն պես վախենում են տնից դուրս գալ, իսկ տղամարդիկ բահերով ու լոմերով են դուրս գալիս: Կարբի գյուղի «հրեշին» ոստիկանները ապրիլի 18-ի երեկոյան բերման էին ենթարկել: Պարզվել էր, որ նա Ծաղկալանջ գյուղի բնակիչ 37-ամյա Վարդան Վարդանյանն է: Վերջինս չի աշխատում, զբաղվում էր գյուղատնտեսությամբ: Նա նախկինում մարզիկ է եղել` ըմբշամարտիկ: Կարբի գյուղում «հրեշի» հայտնաբերման դեպքի առթիվ իրավական գործընթաց չի սկսվել, քանի որ նախ, որեւէ բողոք չկա, ոչ մի տուժող չկա, եւ հետո, բոլորն էլ հասկանում են, որ նա հոգեկան շեղումներ ունի: