Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին խնդրել է իր հայ գործընկերոջը՝ Սերժ Սարգսյանին, միջնորդ հանդիսանալ Մոսկվայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում: Այդ մասին «Ասավալ-դասավալի» թերթին տված հարցազրույցում հայտնել է Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Շալվա Նաթելաշվիլին:

Ընդդիմադիր գործչի խոսքով, տվյալ թեման քննարկվել է Հայաստանի նախագահի՝ Բաթում կատարած այցի ընթացքում:

Ինչպես նշել է Նաթելաշվիլին, Վրաստանի նախագահը համառորեն փորձում է կապ հաստատել Կրեմլի հետ, բայց միշտ անհաջողության է մատնվում:

Ըստ Նաթելաշվիլիի՝ վերջերս Ռուսաստանի նախագահի աշխատակազմում է եղել Վրաստանի նախագահի ազգականը՝ ՄԱԿ-ում ազդեցիկ աշխատակից Թեմուրի Ալասանիան, որն ապարդյուն փորձել է կազմակերպել իր ազգականի հանդիպումները Կրեմլում:

«Սահակաշվիլին նյարդայնանում է, որ իրեն չեն ընդունում Մոսկվայում»,- ասել է Նաթելաշվիլին: