Հայաստանի  կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով նախարարության բարձրագույն պարգեւով` «Ոսկե հուշամեդալով» է պարգեւատրվել  անգլերենի ուսուցչուհի Անահիտ Դարբինյանը՝ կրթության ոլորտում ներդրած ավանդի, մանկավարժական գործունեության 50-ամյա հոբելյանի եւ ծննդյան 85-ամյակի կապակցությամբ:

ԿԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ վաստակաշատ ուսուցչուհուն պարգեւը հանձնել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը: Նա շնորհակալություն է հայտնել Անահիտ Դարբինյանին՝ տարիների վաստակի համար՝ ընդգծելով. «Ձեր սերնդի ուսուցիչներին ընդմիշտ պարտական ենք, որովհետեւ Ձեր դաստիարակած սերունդն էր, որ իրականություն դարձրեց մեր ժողովրդի վաղեմի երազանքը՝ անկախ պետություն ունենալու, եւ կերտեց մեր պատմության հերոսական էջերից մեկը՝ Արցախի հաղթանակը»:

Անահիտ Դարբինյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել նախարարությանը՝ ցուցաբերած վերաբերմունքի ու գնահատականի համար: