Այսօր` մարտի 8-ին ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ) զեկույց է հրապարակել Երեւանում 2008 թվականի մարտին տեղի ունեցած հետընտրական բռնություններին հաջորդած դատավարությունների ընթացքի վերաբերյալ: 114-էջանոց զեկույցը տեղադրված է ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքէջում, որը հիմնված է 93 քրեական գործերով 16 ամիսների ընթացքում իրականացված դիտարկման վրա: Զեկույցը բացահայտում է Հայաստանի արդարադատության համակարգում առկա թերությունները եւ դրանք շտկելու մանրամասն առաջարկներ է ներկայացնում:

«Դատավարությունները ընթացել են բարձր լարվածության պայմաններում, ինչը անչափ բարդացրել է դատարանների աշխատանքը եւ միեւնույն ժամանակ պահանջել նրանցից պրոֆեսիոնալության ամենաբարձր մակարդակ», — հայտարարել է ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի տնօրեն դեսպան Յանեշ Լենարչիչն ու հավելել. «Հուսով ենք, որ այս զեկույցը կարող է նոր թափ հաղորդել երկրի արդարադատության համակարգը միջազգային չափանիշներին եւ ԵԱՀԿ-ի առջեւ պարտավորություններին համապատասխան բարեփոխելու` Հայաստանի իշխանությունների ջանքերին»:

Զեկույցում առաջարկվում է, մասնավորապես, սահմանափակել նախաքննության ընթացքում ձերբակալությունները եւ առաջնորդվել անմեղության կանխավարկածով, միջոցներ ձեռնարկել` ապահովելու դատարանում մեղադրող եւ պաշտպանական կողմերի հավասարությունը, ամբողջական քննություն իրականացնել` կապված խոշտանգումների ու վատ վերաբերմունքի վերաբերյալ բոլոր պնդումների հետ, բացառել ապօրինի միջոցներով ապացույցների ձեռք բերումը:

«ԵԱՀԿ-ն պատրաստակամ է` օժանդակելու իշխանություններին Հայաստանում արդարադատության համակարգի բարեփոխումները առաջ մղելու գործում», — հայտարարել է Յանեշ Լենարչիչը եւ հավելել, որ իրենց քաջալերում է զեկույցի պատրաստման գործընթացում Հայաստանի իշխանությունների աջակցությունը եւ ներդրումը: «Ակնհայտ է, որ արդեն որոշ քայլեր նախաձեռնվում են` անդրադառնալու ի հայտ եկած թերություններին», — ասել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի տնօրենը: Հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: