Հայաստանում այս տարի Վարդավառը, որը հայ եկեղեցին կոչում է Քրիստոսի պայծառակերպության տոն, իսկ հեթանոսական շրջանում այն եղել է Աստղիկ աստվածուհու տոնը, կնշվի հուլիսի 7-ին: 2012 թվականին այն նշվել է հուլիսի 15-ին, 2011-ին՝ հուլիսի 31-ին, իսկ 2010թ` հուլիսի 19-ին:

Նշենք, որ Քրիստոսի Պայծառակերպությունը Հայ եկեղեցու հինգ տաղավար տոներից է եւ Պետրոս, Հովհաննես եւ Հակոբոս առաքյալների առջեւ Քրիստոսի այլակերպության հիշատակն է, որն, ըստ ավանդության՝ տեղի է ունեցել Թաբոր լեռան վրա:

Հայ եկեղեցին Քրիստոսի Պայծառակերպությունը տոնում է Զատիկից 98 օր հետո, հունիսի 28-ից մինչեւ օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում: Եկեղեցին այն կոչում է նաեւ Այլակերպության տոն կամ Վարդավառ: Վերջինս հին հայկական տոնի անվանումն ունի, որից պահպանվել է նաեւ միմյանց վրա ջուր ցողելու սովորույթը: Պայծառակերպության տոնին հաջորդող երկուշաբթի օրը (հուլիսի 8-ին) մեռելոց է, որը ոչ աշխատանքային օր է: «Վարդավառ» բառի խորհուրդը լեզվաբանորեն կազմված է«Վարդ» եւ «Վառ» բառերից եւ նշանակում է ջրով օծված։

Նշենք, որ տոնը գալիս է նախաքրիստոնեական շրջանից, որը հետագայում «քրիստոնեացրել են»:

Հայ հեթանոսները եւս Գառնի Մայր Տաճարում տոնելու են Վարդավառը՝ սիրո եւ գեղեցկության աստվածուհի Աստղիկի տոնը: Ծեսի սկիզբը ժամը 13:00-ին է:

Արորդիների Ուխտի Մեհենական Խորհրդից հայտնում են, որ տոնախմբության մասնակիցներին Գառնի տեղափոխող ավտոբուսները Դրամատիկական Թատրոնի տարածքից կշարժվեն ժամը 11:00-ին:

Վարդավառը Սիրո Աստվածուհի Աստղիկին նվիրված տոն է: Վարդավառով մեր մեջ նորոգում ենք ասվածային սիրո զգացողությունը: Տոնի խորհրդանիշներն են՝ օծված վարդը եւ վարդաջուրը: Տոնը ուղեկցվում է ավանդական ուրախ ջրախաղով:

Տոնը շարժական է: Տոնվում է Զատիկից հետո 14-րդ Արեգ օրը՝ 07.07.2013: Ծեսը անցկացվում է Գառնի մայր տաճարում: