Էրեբունի ամրոցի միջնաբերդում 2008թ.-ից իրականացվող հայ-ֆրանսիական գիտատեխնիկական համագործակցության շրջանակում հուլիսի 2-ից մեկնարկել է 2013թ. պեղումների գործաշրջանը: Պեղումները կընթանան Խալդիի տաճարից դեպի արեւելք տանող երթեւեկելի առանցքով` նպատակ ունենալով կատարել ժամանակագրական ճշգրտումներ եւ պարզել երթեւեկելի հատվածի նախնական նիշը: 

«Էրեբունի» արգելոց-թանգարանից հայտնում են, որ պեղումները կընդգրկեն նաեւ Խալդիի տաճարի արեւելյան ճակատի երկայնքը: Հնագիտական միջամտություններին զուգահեռ կուսումնասիրվեն հնավայրի պեղվող հատվածներից հայտնաբերված խեցեղենն ու գտածոները, այդ տվյալները կհամադրվեն տաճարից հյուսիս գոյություն ունեցող կառուցվածքների տարրերի հետ` թույլ տալով մոտենալ սյունազարդ մեծ դահլիճի թվագրման խնդրին:

Գլոբալ առումով պեղումները թույլ կտան հասկանալ, թե արդյոք կյանքն Էրեբունիում  շարունակվել է ուրարտական վերջին ժամանակաշրջանից մինչեւ աքեմենյան տիրապետություն ընկած   միջակայքում: Դրանք թույլ կտան վերանայել նաեւ «ապադանա»-ի /հանդիսությունների սրահի/ թվագրությունը, որն ամենայն հավանականությամբ վերաբերում է Ք. ա. 6-րդ դարի 1-ին կեսին:

Հաշվի առնելով Էրեբունի ամրոցում օգտագործված նախնական շինանյութի` հում աղյուսի բեկունության բարձր աստիճանը` արշավախմբի եւ «Էրեբունի» արգելոց-թանգարանի մտահոգությունների կենտրոնում կլինի նաեւ նախորդ տարի պեղումներով բացված որոշ կառուցվածքների /ջրատարն իր ավազանով/ տեւական պահպանության խնդիրը:   Կքննարկվի նաեւ պեղումների այս հատվածը բաց թողնելու եւ հանրությանը ներկայացնելու հնարավորությունը: 

Էրեբունի ամրոցում 2013թ. պեղումների ձեռնարկողը «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանն է: Ֆրանսիական արշավախումբը, ինչպես եւ 2008-2012թթ.,  ղեկավարում է Բրետանի հնագիտական ծառայության ղեկավար Ստեֆան Դեշամպը: Հայկական կողմի աշխատանքները այս տարի ղեկավարում է արգելոց-թանգարանի գիտահետազոտական աշխատանքների բաժնի վարիչ Աննա Ազիզյանը: Պեղումները կտեւեն 1 ամիս:

«Էրեբունի» արգելոց-թանգարանի նախաձեռնությամբ  հնագիտությամբ եւ հնագիտական ժառանգության պահպանության խնդիրներով հետաքրքրվողների համար ֆրանսիացի մասնագետները կանցկացնեն ճանաչողական դասախոսություններ, որոնց թեմաների եւ ժամկետների մասին կհաղորդվի լրացուցիչ: