Օրենքի ընդունումը, ըստ որի հղի կանանց արգելվում է հայտնել ապագա երեխայի սեռը, մինչեւ աբորտն անհնար կդառնա, լրիվ արդարացված է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը: Նրա համոզմամբ՝ Հայաստանի ներկա ժողովրդագրական վիճակում անհրաժեշտ է անել ամեն հնարավորը, որպեսզի երեխաները ծնվեն եւ բնակչության թիվն ավելանա:
Անդրադառնալով այդ օրենքի ընդունման հետ կապված կոռուպցիոն ռիսկերի ավելացմանը, պատգամավորն ընդգծեց, որ կոռուպցիայի դեմ պայքարի այլ մեխանիզմներ կան: «Եթե կյանքը ցույց տա, որ կոռուպցիոն ռիսկերը մեծանում են, այդ դեպքում նման ռիսկերի դեմ պայքարը պետք է ավելի արդյունավետ դարձնել: Սակայն, կարծում եմ, որ ժողովրդագրական եւ ազգային անվտանգության հետ կապված խնդիրները ավելի առաջնային են»,-ընդգծեց Մինասյանը:
Նշենք, որ առողջապահության նախարարության մայրական եւ վերարտադրողական առողջության բաժնի պետ Գայանե Ավագյանը նախօրեին հայտարարել էր, որ նոր օրենսդրական փոփոխություններ են նախատեսվում, ըստ որի հղի կանանց չպետք է հաղորդվի ապագա երեխայի սեռը այնքան ժամանակ, մինչեւ անհնար դառնա հղության արհեստական ընդհատումը:
Նման նախաձեռնության պատճառն այն է, որ շատ հայ ընտանիքներում, իմանալով, որ ապագա երեխան իգական սեռի է, դիմում են հղիության արհեստական ընդհատման:





























