Փարպի գյուղի 79-ամյա բնակիչ Դերենիկ Մ-ն, ում դիակը հարազատները կախված էին գտել տնամերձ հողամասի ջերմոցում, մեկ տարի առաջ էր կորցրել կնոջը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Փարպի գյուղի գյուղապետ Իշխան Առաքելյանը եւ ավելացրեց, որ բոլորի համար կատարվածը անակնկալ էր, քանի որ «Դերենիկը շատ ինտելիգենտ մարդ է եղել, երբեք բարձր չի խոսել եւ խմելու հետ էլ սեր չի ունեցել»:

«Երկու տղա ունի, ապրում է մի տղայի եւ հարսի հետ: Հարսը մեր գյուղերից մեկի դպրոցի տնօրենն է, իսկ տղան զինղեկ է: Մյուս տղան էլ է ամուսնացած, բայց 20 տարի է երեխա չեն ունենում: Աղջիկը եւս լավ ընտանիք ունի»,- իր համագյուղացուն բնութագրեց գյուղապետը եւ ավելացրեց, որ բարձրագույն կրթություն ստացած ընտանիք են:

Նա նաեւ պատմեց, որ երեկոյան ծիրան են հավաքել, որ տանեն շուկա, բայց հետո իմացել են, որ ինքնասպան է եղել:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հուլիսի 6-ին, վաղ առավոտյան, ինքնասպանության դեպք է գրանցվել Փարպի գյուղում: 79-ամյա բնակչի դիակը նրա ընտանիքի անդամները գտել են տնամերձ հողամասում գտնվող ջերմոցում՝ կախված վիճակում: Փարպիի բնակչի ինքնասպանության պատճառը հայտնի չէ: Ոստիկանությունից NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին, որ տեղի ունեցածի հանգամանքները պարզվում են: