Արարատի մարզում 50-70 դրամով շարունակվում է ծիրան մթերվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանն ու հավելելց, որ, գրեթե ամեն օր լինում է մթերող կազմակերպություններում:

Ի դեպ, երբ մարզպետից ներողություն խնդրեցինք, որ ոչ աշխատանքային օրով անհանգստացնում ենք, նա ասաց, որ  ինքն աշխատանքի մեջ է եւ  զրույցին զուգընթաց շրջում է մթերող կազմակերպություններում:

«Թեեւ թոռնիկներս ասացին. «Պապի, մեզ տար Սեւան», բայց բալիկներիցս ներողություն խնդրեցի ու եկա գործի»,- ասաց նա:

Մարզպետի փոխանցմամբ՝ ծիրանը 70 դրամով մթերում է Արալեզ գյուղի գործարանը, իսկ 50 դրամով մթերում են  Պռոշյանի  գործարանի Այգեստան գյուղի մասնաճյուղը եւ Արտֆուդը:

Մարզպետը հավաստիացրեց, որ հետեւողական է լինելու, որ ինչքան մթերման ենթակա ծիրան կա՝ մթերվի:  Դիտարկմանը, թե միայն իրենց մարզի բերքն են ընդունում, նա արձագաքեց. «Չէ, օրինակ այսօր իմ աչքով տեսա, որ 4 մեքենա Արմավիրից մթերեցին: Խնդիրը երկրի նախագահի ամենօրյա ուշադրության կենտրոնում է  եւ մթերման ընթացքը զեկուցում ենք կառավարությանը: Նախարարը եւս շատ լավ է աշխատում»,- ավելացրեց Էդիկ Բարսեղյանը:

Նա նաեւ տեղեկացրեց, որ մեր ծիրանի արտադրանքը սպառվում է Հայաստանի սահմաններից դուրս, ավելին՝ այս տարի նաեւ ծիրանի օղի է թորվում:  «Այս տարի աննախադեպ ծիրանի բերք ենք ունեցել` 42 հազար տոննա, որից 32 հազար տոննան իրացրել են: 10 հազար տոննայից ավելին հանրապետությունից դուրս է եկել: 2 հազար տոննայի սահմաններում էլ այս պահին սառնարաններում է, որը եւս պետք է արտահանվի: Նախատեսվում է եւս 8 հազար տոննա մթել եւ վաճառել շուկաներում», -ավելացրեց մարզպետը: