Հայաստանի ՊՆ N զորամասում հեռախոսային ալեհավաքի աշտարակից սավանով կախված վիճակում հայտնաբերված ժամկետային զինծառայող, շարքային Գաբրիել Աբրիկի Լալազարյանի ծնողները Ռուսաստանում են տեղեկացել կատարվածի մասին եւ շտապել Հայաստան: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Շաղատ գյուղի գյուղապետ Տիգրան Խաչատրյանը:
Գյուղապետը պատմեց, որ Գաբրիելը մոտ 7 տարի է, ինչ ծնողների եւ 3 եղբայրների հետ գյուղից մեկնել էր Ռուսաստան բնակության, սակայն ամիսներ առաջ վերադարձել էր ծառայության անցնելու եւ հայրենիքին իր պարտքը տալու:
Գյուղապետը նաեւ փոխանցեց, որ ընտանիքը ֆինանսական խնդիրներ չի ունեցել: Գաբրիելից առաջ մեծ եղբայրն է եկել ծառայել եւ գնացել, իսկ փոքր եղբայրը մեկ տարի հետո պետք է ծառայության գար: Գյուղապետի խոսքով՝ Գաբրիելը բնավորությամբ շատ հանգիստ, անշառ, լավ երիտասարդ է եղել: Նա Ռուսաստանում շինարարությամբ է զբաղվել:
Գյուղապետը ինքնասպանության պատճառների մասին ոչինչ չի կարող ասել, քանի որ տեղեկացված չէ:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հուլիսի 5-ին, ժամը 22:10-ի սահմաններում Հայաստանի ՊՆ N զորամասի տարածքում գտնվող հեռախոսային ալեհավաքի աշտարակից սավանով կախված վիճակում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Գաբրիել Աբրիկի Լալազարյանի դին: Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քր. օր-ի 110 հոդ. 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը) հարուցվել է քրեական գործ եւ կատարվում է նախաքննություն: Կատարվել են քննչական անհետաձգելի գործողություններ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:





























