Սյունիքի մարզում ավտոմեքենայի ձորն ընկնելու հետեւանքով Կապանի բժշկական կենտրոն տեղափոխված անձանց առողջական վիճակը գնահատվում է կայուն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին Կապանի հիվանդանոցից:

Նրանց փոխանցմամբ` երեկ իրենց բժշկական կենտրոն է դիմել վթարի հետեւանքով տուժած մայրը` իր երկու անչափահաս երեխաների հետ, նրանց մոտ առկա է փափուկ հյուսվածքների սալջարդ, գանգուղեղային ցնցում:

Հիվանդանոցից հայտնեցին, որ վիրահատության կարիք չի լինի, նրանց վիճակը բավարար է եւ հավանաբար մյուս շաբաթ դուրս կգրվեն:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ  հուլիսի 7-ին, ժամը 20.25-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան-Ճակատեն ավտոճանապարհի 7-րդ կմ-ին տեղի է ունեցել վթար. ավտոմեքենա է ընկել ձորը: Կան տուժածներ, անհրաժեշտ է օգնություն:  Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Մերսեդես» մակնիշի 33 OO 109 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ գլորվել ձորը (18-20 մ խորությամբ): Ավտոմեքենայի մեջ եղել են 5 հոգի` 2 երեխա, կին եւ ամուսին եւ ավտոմեքենայի վարորդը: Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը` երեխաները տեղի ուժերով տեղափոխվել են Կապան քաղաքի բժշկական կենտրոն:  Ժամը 20.55-ին հրշեջ-փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել 2 ուղեւորներին եւ վարորդին, որոնք այժմ տեղափոխվում են Կապան քաղաքի բժշկական կենտրոն:

Ըստ նոր տվյալների` ավտոմեքենայում են եղել  2004 թ. ծնված Ալեքս Մկրտչյանը, 1998 թ. ծնված Անահիտ Մկրտչյանը, 1977 թ. ծնված Թամարիկ Գաբրիելյանը, 1976 թ. ծնված Արշակ Մկրտչյանը: 5-րդ ուղեւորի տվյալները չի հաջողվել ճշտել: Բժիշկները Անահիտ եւ Ալեքս Մկրտչյանների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Թամարիկ Գաբրիելյանինը եւ Արշակ Մկրտչյանինը` բավարար: