Հայաստանում բավականին մեծ տագնապով են ընդունում դրսից եկող ցանկացած ազդակ: Այս մասին հուլիսի 8-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Կովկաս ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդ Իսկանդարյանը` մեկնաբանելով հայկական մամուլում մեծ արձագանք գտած հաղորդագրությունները` Ռուսաստանի կողմից Ադրբեջանին սպառազինություն մատակարարելու վերաբերյալ:

Նա հիշեցրել է, որ պայմանագիրը, որի շրջանակներում իրականացվել է զենքի մատակարարումը, բխում է 2010թ-ից եւ Ռուսաստանը Ադրբեջանին, ինչպես որ Հայաստանին սպառազինությամբ է ապահովել նաեւ մինչ այդ: Նա նշել է նաեւ, որ նմանատիպ հաղորդագրություններ մամուլում պարբերաբար տարածվում են եւ հետո անհետ կորում: «Չէ՞ որ երբ կինը մուկ է տեսնում, գոռում է: Իսկ խնդիրը մկան մեջ չէ, այլ կնոջ»,-նկատել է քաղաքագետը:

Ինչ վերաբերում է ռուսական գազի գնի ավելացմանը, ապա Իսկանդարյանը համոզմունք է հայտնել, որ ոչ մեկի համար գաղտնիք չէր, որ ընտրություններից հետո սակագինը բարձրանալու էր: Նրա խոսքով` դա ընդհանուր գործընթաց է եւ Հայաստանից ցածր սակագին գործում է միայն Բելառուսի համար: