Նախորդ շաբաթ ՀՀԿ ԳՄ նիստից հետո վարչապետի` բողոքի ակցիա անցկացող Արամի, Բյուզանդի և 33-րդ թաղամասի բնակիչների հետ հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել հանդիպել 10 օր անց` նրանց բնակարանների խնդրի լուծման հնարավոր տարբերակները քննարկելու համար: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց վարչապետ Տիգրան Սարգսյանի մամուլի քարտուղար Հարություն Բերբերյանը:
Նա նշեց, որ բնակիչները վարչապետին տեղեկացրել են, որ կառուցապատող ընկերությունները չեն կատարել իրենց պարտավորությունները: Իսկ Տիգրան Սարգսյանը Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանին հանձնարարել է պարզել պատճառները:
Հիշեցնենք, որ հուլիսի 4-ին ՀՀԿ նիստից առաջ Մելիք Ադամյան փողոցում տեղակայված շենքի դիմաց, ինչպես միշտ, հավաքվել էին ցուցարարները։ Նրանք Բուզանդի, Հանրապետություն, Խանջյան, Արամի փողոցի նախկին բնակիչներն են, ում բնակարանները ճանաչվել է հանրային գերակա շահ եւ ինչպես նրանք հայտնել էին, 6-7 տարի է՝ նրանց խաբում են եւ բնակարաններ չեն տալիս։ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ցուցարարներին խոստացել էր նիստից հետո հանդիպել նրանց։ Ցուցարար կանայք սպառնում էին փակել ճանապարհը, կանգնել Հանրապետության հրապարակում, այրել ՀՀԿ-ի շենքը՝ ասելով, թե «գյուղացիների չափ էլ չկանք»։ ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո վարչապետ Տիգրան Սարգսյանը մոտեցել էր ՀՀԿ կենտրոնական գրասենյակի առաջ հավաքված գերակա հանրային շահերի զոհերին։ «Տասը հոգով եկեք ներս»,- ասել էր վարչապետը։ Նա ցուցարարների հետ գնացել էր կառավարության շենք՝ քննարկելու կանանց բնակարանների հարցը։





























