Կահիրեում Հանրապետական գվարդիայի շտաբի շրջանում հրաձգության արդյունքում, վերջին տվյալների համաձայն, զոհվել է 42 մարդ, հաղորդում է ՌԲԿ-ն` վկայակոչելով Reuters-ին: Ավելի վաղ իսլամիստները հաղորդում էին Մուրսիի 34 սպանված կողմնակիցների մասին:

Հիշեցնենք, որ միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 7-ի գիշերը` Հանրապետական գվարդիայի մոտ: Որոշ տվյալների համաձայն` այնտեղ է պահվում պաշտոնաթող արված Մուրսին: Զինվորականները հաղորդել են, որ կրակ են բացել այն բանից հետո, ինչ զինյալները փորձել են գրոհել շենքը: Արդյունքում` սպանվել է մեկ զինվորական, եւս 40-ը վիրավորվել են:

Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, «Մահմեդական-եղբայրները» հուլիսի 8-ին իրենց կողմնակիցներին կոչ են արել միանալ ընդվզմանը:

Սալաֆիական «Ան-Նուր» կուսակցության ղեկավարությունը, որը կողմ է Մուրսիի պաշտոնաթողությանը, կարծում է, որ «Եգիպտոսը ընկղմվում է քաղաքացիական պատերազմի մեջ»: