Գազը 30 տոկոսով թանկանալուց հետո, երթուղայինով երթեւեկելը չի կարող 100 դրամ արժենալ: Այս մասին հուլիսի 8-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի Հանրային խորհրդի Տրանսպորտի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը:
Նրա խոսքով, եթե Կառավարությունն ու տանսպորտի նախարարությունը լուծում չառաջարկի`միեւնույն ժամանակ թույլ չտալով բարձրացնել ուղեվարձը, վարորդները ստիպված կլինեն գործադուլ հայտարարել: «Երթուղայինները շահագործող ընկերությունների տերերը մեր հայրենակիցներն են: Պետք չէ նրանց ատել: Նրանք թշնամիներ չեն: Նրանք դեմ չեն, որ մարդիկ 100 դրամով երթեւեկեն: Սակայն եթե գազը թանկացել է, ի՞նչ անեն նրանք»,-ասել է Հովհաննիսյանը:
Նա հավելել է, որ ՃՈ ու տրանսպորտի նախարարությունը թեժացնում են իրավիճակը: «Պատրաստվում են կանգառներ տեսչական այցեր իրականցնել, տուգանել, եթե երթուղայինը թույլատրված վայրում չի կայանվում, եթե վարորդը ծխում է, եթե բարձր երաժշտություն է միացնում: Բայց ի՞նչ ուզել վարորդից: Նրանք այժմ մեզ մոտ անփորձ են եւ քիչ բան են հասկանում: Գրեթե բոլոր փորձառուներն արդեն մեկնել են»,-ընդգծել է նա:
Հիշեցնենք, որ հուլիսի 7-ից Հայաստանում խոշոր բաժանորդների համար գազի սակագինը 243 դրամից դարձել է 277 դոլար` հազար ք/մ դիմաց: Գազալցակայաններում 1կգ դիմաց նախկին 180 դրամի փոխարեն վարորդները ստիպված են վճարել 240 դրամ:





























