Ըստ Կոռուպցիայի համաշխարհային բարոմետրի 2013-ի տվյալների՝ Հայաստանում հարցվածների միայն 19 տոկոսն է գտնում, որ վերջին երկու տարիներին կոռուպցիան Հայաստանում նվազել է, իսկ ըստ 43 տոկոսի՝ այն աճել է։ Այս մասին այսօր՝ հուլիսի 9-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը։
Այս հետազոտությունը անցկացվում է արդեն տասը տարի, այս անգամ 2012թ սեպտեմբերից մինչեւ 2013թ մարտն աշխարհի 107 երկրներում անցկացվել է այդ հետազոտությունը: Հայաստանում հարցումն անցկացրել է WIN/G/A-պաշտոնական ներկայացուցիչ Էմ-Փի-Ջի ընկերությունը, դեմ առ դեմ հարցազրույցի միջոցով անցկացված հարցմանը մասնակցել է չափահաս 1068 անձ։
Հայաստանցի հարցվածների 82 տոկոսը կոռուպցիան համարում է լուրջ կամ շատ լուրջ հիմնախնդիր, դա այդպիսին չի համարում միայն 3 տոկոսը։ Վարուժան Հոկտանյանը ներկայացրեց, որ կոռուպցիայի մակարդակը կրճատելու ուղղությամբ իշխանությունների կողմից ձեռնարկված քայլերը շատ արդյունավետ կամ արդյունավետ է համարում հարցվածների 21 տոկոսը, իսկ 53 տոկոսը համարել է անարդյունավետ։
2010թ համեմատ՝ նվազել է այն հարցվածների թիվը, որոնք կոռուպցիայի դեմ պայքարում իշխանության ձեռնարկած քայլերը համարում են արդյունավետ։ «Առավել կոռումպացված ընկալվում է երեք հաստատություն՝ պետական պաշտոնյաները կամ հանրային ծառայողները, դատական համակարգը եւ առողջապահական համակարգը, դրանից հետո գալիս է ոստիկանական համակարգը։ Կրթական համակարգը նախորդ հարցման ժամանակ ավելի բարձր ցուցանիշ էր արձանագրել, այժմ բարելավել է իր դիրքերը»,- ասաց Վարուժան Հոկտանյանը։
Նրա խոսքով՝ քիչ կոռումպացված են համարվում հասարակական եւ կրոնական կազմակերպությունները։ Հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրենը մտահոգություն հայտնեց, որ առավել կոռումպացված կառույցներ են ընկալվում այն կառույցները, որոնք իրենք են կոչված պայքարելու կռռուպցիայի դեմ, ոստիկանության դեպքում այդ տոկոսը հավասար է 66-ի, դատական համակարգը խիստ կոռումպացված է համարում հարցվածների 69 տոկոսը։
«Հարցվածների 48 տոկոսի կարծիքով երկիրը ղեկավարում են իրենց շահերը հետապնդող մի քանի ազդեցիկ եւ հարուստ խմբեր, միայն 16 տոկոսն է կարծում, որ այդպես չէ։ Հարցվածների 9-ը տոկոսն է գտնում, որ Հայաստանում անձնական կապերը բացարձակապես կարեւոր չեն հարցեր լուծելու համար, այն դեպքում, երբ 48 տոկոսի կարծիքով դրանք կարեւոր կամ շատ կարեւոր են»,- հարցման արդյունքները ներկայացրեց Վարուժան Հոկտանյանը։
Մտահոգիչ տվյալներից մեկը, նրա խոսքով, այն է, որ հայաստանցի հարցվածների միայն 37 տոկոսն է կարծում, որ շարքային քաղաքացու ներգրավումը կոռուպցիայի դեմ պայքարում կարող է ինչ-որ բան փոխել։ Այս առումով ավելի ցածր ցուցանիշ է գրանցվել միայն Ուկրաինայում, Սերբիայում, Թունիսում։ Որեւէ ձեւով կոռուպցիայի դեմ պայքարում ներգրավվել ցանկացողները կազմել են հարցվածների ընդամենը 43 տոկոսը, սա ամենացածր ցուցանիշն է, նույնիսկ նախավերջին տեղում գտնվող Հունգարիայում այդ ցուցանիշը 54 տոկոս է։ «Սա վկայում է կամ հասարակությունում տիրող վախի մթնոլորտի մասին, կամ հասարակության անտարբերության մասին, կամ էլ գուցե կոռուպցիայի դեմ պայքարի խաղաղ ձեւերի անարդյունավետության մասին»,- ասաց կենտրոնի գործադիր տնօրենը։
Մյուս ցուցանիշը, որի վրա նա ուշադրություն հրավիրեց, այն է, որ հայաստանցի հարցվողների միայն 33 տոկոսը կբարձրաձայնի կոռուպցիոն դեպքերի մասին, եթե դրանց առնչվի կամ վկա լինի։ Այս ցուցանիշով Հայաստանից ավելի վատ դիրքերում են գտնվում Ուկրաինան, Յեմենը. Լիբիան, Հունգարիան։ «Ներգրավել չցանկացողները 67 տոկոսն է, նրանք ասում են, որ միեւնույն է դրանցից ոչինչ չի փոխվի։ Որեւէ ծառայության հետ առնչված հարցվողների 18 տոկոսն է նշել, որ կաշառք տվել է։ Առավել հաճախ կաշառք տվել են առողջապահական ծառայություններին՝ 24 տոկոս, ոստիկանությանը՝ 21 տոկոս։ Առավել հազվադեպ են կաշառք տվել կոմունալ ծառայություններին, կաշառք տվածների մեծամասնությունը նշել է, որ իրենք կաշառքի տեսքով հայտնել են իրենց շնորհակալությունը մատուցված ծառայության համար։ Իսկ 27 տոկոսը նշել է, որ նրանք կաշառք են տվել, որովհետեւ միայն այդ ձեւով է հնարավոր եղել ստանալ անհրաժեշտ ծառայությունը։ հարցվածների միայն 28 տոկոսին է առաջարկվել կաշառք տալ, ընդ որում՝ նրանցից 62 տոկոսը պնդում է, որ իրենք մերժել են այդ առաջարկը»,- ասաց Վարուժան Հոկտանյանը։





























