Ընդունված Մարդու իրավունքների վերաբերյալ ռազմավարությունը աշխատելու համար լավ հիմք է, սակայն առանց գործողությունների ծրագրի ընդունման հանձնաժողովի գործունեությունը դժվար թե արդյունավետ լինի: Այս մասին հայտարարել է Հայաստանի օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը՝ հուլիսի 9-ին Մարդու իրավունքների վերաբերյալ հանձնաժողովի առաջին նիստի ընթացքում: Հիշեցնենք, որ ծրագիրը շրջանառության մեջ է եւ նախատեսվում է այն հնարավորինս շուտ ընդունել:
Ինչպես ընդգծել է մարդու իրավունքների պաշտպանը, հասարակությունում մարդու իրավունքների հետ կապված մեծ դժգոհություն կա: Միեւնույն ժամանակ, իշխանության ներկայացուցիչները ոչ անհիմն կերպով հավաստիացնում են իրականացված բազմաթիվ քայլերի մասին: «Խնդիրը կիսատ-պռատ միջոցների մեջ է: Դրանք կիրառելի են քաղաքականությունում, սակայն ոչ բարեփոխումներում»,-ընդգծել է Կարեն Անդրեասյանը:
Նա հավելել է, որ կիսամիջոցները ոչ միայն ապարդյուն են, այլեւ հակառակ արդյունքն են տալիս՝ հասարակությունում անվստահություն եւ հիասթափություն առաջացնելով: «Դա ինչպես դատական համակարգում է: Քիչ է գեղեցիկ դատարանի շենք ունենալը: Հարկավոր է, որ այդտեղ արդար դատ իրականացվի»,-հայտարարել է Անդրեասյանը:





























