Սյունիքի մարզում կառուցված պոչամբարները չեն համապատասխանում միջազգային ստանդարտներին: Այս մասին, այսօր` հուլիսի 9-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Համահայկական բնապահպանական ճակատի անդամ  Լեւոն Գալստյանը՝ անդրադառնալով Սյունիքի մարզ իրենց կատարած հնգօրյա այցին, որի նպատակն էր փաստագրել մարզում առկա հանքավայրերի ու պոչամբարների ընթացիկ վիճակը եւ բնապահպանական խնդիրները:

Նա նշեց, որ իրենց այցելության ժամանակ Ողջի գետը վարարել է եւ անտանելի հոտ է եկել: «Վերեւում Գեղի պոչամբարն էր, որը փակ է: Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը որոշել է իր համար ջրամբար սարքել, որ այդ ջուրն օգտագործի կոմբինատի աշխատանքների համար: Բայց ոչ մեկը չգիտի թույլտվություն ունի, թե՝ ոչ: Կամ  ինչպես է որոշել ջրամբար կառուցել պոչատարի դիմաց, որովհետեւ այդ վթարը հորդացման պատճառ էր: Նախագիծ չեն ունեցել եւ վարարման արդյունքում փորձել են լուծում գտնել, բայց չի ստացվել, ջարդել են եւ ամբողջ ջրամբարի ջուրն անցել է թունելով: Անգամ կամուրջներ է քանդել»,-մանրամասնեց Լեւոն Գալստյանը:

Նա առանձնացրեց նաեւ Գեղի գետի հարցը, որտեղ շահագործվում է Հանքսարի հանքավայրը: «Այնտեղ եւս վթար էր եղել: Ամբողջ պլաստիկե խողովակը 5-6 տեղից պատռված էր եւ, եթե գետի ջուրը պետք է առանձնացված հոսեր պոչամբարից, գնացել լցվել էր պոչամբարի մեջ»,-ասաց Լեւոն Գալստյանը եւ որպես ստեղծված իրավիճակից դուրս գալու տարբերակ, առաջարկեց, որ դրանք պետք է պատկանեն ժողովրդին, ոչ թե անհայտ ծագման օֆշորային կազմակերպությունների:

«Բացի այդ, հանքավայրերը պետք է լինեն նվազագույն քանակի»,- ավելացրեց բնապահպանը: Հակառակ դեպքում, ըստ նրա, այն արագացումը, որ վերցված է Սյունիքում, կունենանք հանքավայրեր եւ պոչամբարներով լցված ձորեր:

«Մարդիկ զրկվելու են խմելու եւ ոռոգման ջրից, ինչպես նաեւ Սյունիքում ապրելու հնարավորությունից»,-ընդգծեց նա:

Սփյուռքից եկած Սյուզի Պետրոսյանն էլ նշեց, որ գյուղացիներից խլում են իրենց հողը եւ միակ տարբերակ առաջարկում այնտեղ աշխատել: «Ես չէի պատկերացնում, որ ղեկավարներն այդքան անկուշտ են: Մենք Լոս Անջելեսում մի քանի խումբ ենք ձեւավորվել, որ ցանկանում ենք հովանավորել այստեղի բնապահպաններին: Ես անձամբ եկա, որ տեսնեմ, թե ովքեր են իսկապես մտահոգ այս գործում»,- ավելացրեց Սյուզի Պետրոսյանը:

Բնապահպան Եղիա Ներսիսյանն էլ ասաց, որ իրենք որոշել են, որ այլեւս հանքատերերի հետ խոսելու ոչինչ չունեն: «Որովհետեւ երբ մարդը գիտակցաբար սպանում է քո հողը, դու իր հետ կիսելու բան չունես»,- հիմնավորեց բնապահպանը: Նա նշեց, որ սյունեցիները պատմում են, որ երեխաներ են ծնվում, որ երկու ձեռք չունեն, Քաջարանում պատմել են, որ մարդն ընկնում մահանում է, բայց փողը տալիս են, ծածկում են: «Բայց չեն բարձրաձայնում պատճառաբանելով, որ մեկ է, ոչինչ չի փոխվի»,-ամփոփեց Ներսիսյանը: