Ըստ Կոռուպցիայի համաշխարհային բարոմետրի 2013-ի տվյաների՝ աշխարհի մակարդակով հարցվողների 27 տոկոսը խոստովանել է, որ իրենք կաշառք են տվել տարբեր ծառայությունների՝ կրթական, առողջապահական, դատական, ոստիկանական։ Այս մասին այսօր՝ հուլիսի 9-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը։
Նրա փոխանցմամբ՝ առավել հաճախակի կաշառք տրվել է ոստիկանությանը եւ դատարաններին, ոստիկանության հետ առնչվածների 31 տոկոսը կաշառք է տվել, իսկ դատարանների դեպքում այդ ցուցանիշը 21 տոկոս է։ «Մարդկանց մեծամասնությունը կարծում է, որ իրենց երկրի իշխանությունները բավարար չափով չեն պայքարում կոռուպցիայի դեմ։ Առավել կոռումպացված ընկալվում են կուսակցությունները, ԱՊՀ տարածքում դա այդպես չէ։ Հիմնականում արեւմտյան երկրներում են կուսակցությունները ընկալվում որպես ամենակոռումպացված ինստիտուտներ»,- տեղեկացրեց հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրենը։
Նրա փոխանցմամբ՝ մարդկանց 2/3-րդը գտնում է, որ անձնական կապերը մեծ նշանակություն ունեն գործն առաջ տանելու համար, «սա հայկական երեւույթ չէ, այլ տարածված է աշխարհում»։ Աշխարհի մակարդակով հարցվածների 55 տոկոսը գտնում է, որ իշխանությունները ղեկավարվում է ազդեցիկ եւ հարուստ խմբերի կողմից։ Մյուս ցուցանիշն այն է, որ հարցվածների մոտ 90 տոկոսը կարծում է, որ պետք է պայքարել կոռուպցիայի դեմ
Հայաստանի հարեւան երկրներից այս հարցումն անցկացվել է նաեւ Ադրբեջանում, Թուրքիայում եւ Վրաստանում։ Վարուժան Հոկտանյանը նշեց, որ Ադրբեջանի դեպքում ստացված արդյունքները բավականին տարօրինակ են, մի քանի ցուցանիշներ չեն ընդգրկվել, քանի որ արժանահավատ չեն համարել, ինչպես օրինակ՝ քանի մարդ է կաշառք տվել։ Նա դա բացատրում է այն հանգամանքով, որ ադրբեջանցի հարցվածները «ռիսկ չեն արել ավելի բացվել»։
Նշենք, որ այս հետազոտությունը անցկացվում է արդեն տասը տարի: Այս տարի Հայաստանում հարցումը անցկացրել է WIN/G/A-պաշտոնական ներկայացուցիչ Էմ-Փի-Ջի ընկերությունը: Դեմ առ դեմ հարցազրույցի միջոցով անցկացված հարցմանը մասնակցել է չափահաս 1068 անձ։





























